Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Էս ձևի բռնաբարել ազգին չի կարելի». Վ. Բոստանջյան (տեսանյութ)

Քաղաքականություն
ert

Հասարակությունն իրավիճակից դժգոհ է. լրագրողների հետ հանդիպմանը նշել է ԲՀԿ նախկին պատգամավոր Վարդան Բոստանջյանը՝ շեշտելով, որ եռյակը հավաքների ժամանակ ուզում է իշխանությանը հասցնել ժողովրդի խոսքը։ ՀՀԿ-ական պատգամավոր Մկրտիչ Մինասյանն էլ հակադարձել է, թե չի կարող այնպես լինել, որ բոլորը գոհ լինեն, բայց նա վստահ է, որ հասարակության զգալի մասը դժգոհ չէ։ Վարդան Բոստանջյանի խոսքով՝ միայն հասարակությունը կարող է ֆորս-մաժորային իրավիճակ ստեղծել և փոփոխություն բերել։ Նա շեշտում է. սահմանադրական խնդիրներն ածանցյալ են, եռյակի հիմնական նպատակն այն է, որ իշխանության վերարտադրություն տեղի չունենա։ Իսկ եռյակի քայլերն արդյունավետ կլինե՞ն, թե՞ ոչ, Բոստանջյանն ասում է. «Կյանքը ցույց կտա»։ «Էսօրվա իշխանությունը ձեռքից չի ուզում բաց թողնի իշխանությունը։ Էս ձևի բռնաբարել ազգին չի կարելի»,-շեշտում է նա։ ՀՀԿ-ական Մինասյանն էլ հորդորել է Բոստանջյանին զերծ մնալ եռյակի գործընկերոջ «դուշմանական» բառապաշարից։ Նա եռյակին համարում է ծրագիր չունեցող միություն, որը հեռանկար չունի։ Ըստ նրա՝ հոկտեմբերի 10-ի հանրահավաքը ցույց տվեց, որ անկազմակերպ վիճակ էր տիրում և քաղաքական ուժերից յուրաքանչյուրն ուզում էր վերմակն իր կողմը քաշել։ Նա, այնուամենայնիվ, կարծում է, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հեղափոխությունների կողմնակից չէ։ Մինասյանն իր կուսակցության գործունեությունը դրական է գնահատում՝ շեշտելով. մինչև չգա հետինը, չի հիշվի առաջինը։