Կարգալույծ քահանաները սկսել են քննադատել Մայր Աթոռին (տեսանյութ)
Այսօր լավագույնս չեն ներկայացվում մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի աշխատանքները, ինչն առիթ է դառնում Ամենայն Հայոց կաթողիկոսի ու եկեղեցու քննադատության: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանը: Ըստ նրա՝ տեղեկատվության պակասն է մղում որոշ անձանց նման քննադատությունների. «Ես այստեղ որոշակի ուղղորդում եմ նաեւ տեսնում, որը երբեմն հանգեցնում է որոշակի խռովությունների ներեկեղեցական կյանքում եւ Սփյուռքի հետ հարաբերություններում»: Տեր Վահրամի տեղեկացմամբ՝ նման քննադատություններ հաճախ հնարավոր է լսել հատկապես կարգալույծ հոգեւորականների կողմից: Նա անդրադարձավ նաեւ այն լուրերին, թե Մայր Աթոռը ձգտում է տիրանալ կալավածքների. «Մեկ բան հստակ է՝ մեր կալվածքները ժողովրդինն են, ու դրանք ազգային հարստություններ են: Մենք նման նկրտումներ չունենք՝ տիրանալու կալվածքների: Բոլորի համար պետք է հստակ լինի, որ եկեղեցու կանոնադրության մեջ կա մեկ կետ, որ կաթողիկոսը պատասխանատու է բոլոր կալվածքների համար թե ՀՀ-ում, թե ՀՀ-ից դուրս, սակայն դա չի նշանակում, որ մենք ենք տիրապետում: Կալվածքները տեղային ծխերի տիրապետության տակ են: Եթե ծուխը կազմալուծվում է, ապա նրան պատկանող կալվածքները անցնում են թեմին: Եթե թեմն է կազմալուծվում հայրապետական կոնդակով, ապա կալվածքներն ուղղակի փոխանցվում են Մայր Աթոռին»: Այսօր Մայր Աթոռն աշխատում է եկեղացական Կանոնադրության վրա, որի աշխատանքների մեկնարկը տրվել է դեռ Վազգեն Առաջինի օրոք, եւ այսօր արդեն վերջնակապես ձեւավորվել են հանձնախմբերը: Ըստ տեր Վահրամի՝ Կանոնադրությունն ունի եկեղեցաբանորեն պարտադիր կետեր. «Սահմանվում են հավատացյալի պարզ իրավունքները, որ նա իր ձայնն ունենա ծխում: Շատ թեմական կանոնադրություններ, որոնք ստեղծվել են ԽՍՀՄ ժամանակներում սփյուռքյան կառույցներում, մի խումբ մարդկանց տրամադրություններով էին արվել, եւ իրենք էին տնօրինում եկեղեցական կյանքը: Թեմը չի կարող կազմված լինել հայրենակցական միություններից. միմիայն ծխերից: Օրինակ՝ Ֆրանսիայում չէր կայանում թեմը, քանի որ այն ղեկավարվում էր այլ մշակութային ու հայրենակցական միությունների կողմից, որոնք տնօրինում էին մեկական եկեղեցի: Եվ այդ միությունն էր որոշումներ կայացնում տվյալ եկեղեցու հետ կապված բոլոր հարցերում: Եկեղեցաբանորեն դա ընկալելի չէ: Կանոնադրությամբ հավատացյալը, չանդամակցելով որեւէ միության, կարող է որպես պարզ հավատացյալ գնալ եկեղեցի՝ ունենալով իր իրավունքներն ու պարտականությունները: Այսպիսով, հստակեցվեցին բոլոր փոխհարաբերությունները»: Տեր Վահրամը նաեւ տեղեկացրեց, որ նոյեմբերի 11-13-ը տեղի կունենա Եպիսկոպոսաց ժողով: