Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ֆեյքերի մասին» օրենքի նախագիծը հետ չի կանչվել. սպասում ենք Եվրադատարանի որոշմանը (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
6zs95dN2h3FivzTI1ocuU3lCUf

«Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» կամ առավել հայտնի` «ֆեյքերի» նախագիծն ընդամենը լրացուցիչ մի օղակ էր լրատվամիջոցի համար` մինչեւ որեւէ հասցեատեր կդիմեր դատարան: Այս համոզմանն է նախագծի հեղինակ, ՀՀԿ պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը. «Նախեւառաջ այն անձը, որ կարծում է, որ այդ մեկնաբանությամբ վիրավորանք կամ զրպարտություն է տարածվել, նա առաջին հերթին պիտի դիմի լրատվամիջոցին, եւ ապա միայն այն դեպքում, երբ լրատվամիջոցը կհրաժարվի դա հեռացնել, այն ժամանակ միայն պետք է դիմել դատարան»: Նախագծի քննարկումը մեկ տարով հետաձգվել է, մինչ այդ այն տարաձայնություններ էր առաջացրել լրատվամիջոցների շրջանում: Հիմնական պատճառաբանությունն այն էր, որ յուրաքանչյուր կարգավորում միտված է խոսքի ազատության սահմանափակմանը: Արփինե Հովհաննիսյանի վստահեցմամբ` նախագծով լրատվամիջոցի համար ընդամենը սահմանվում էին հստակ խաղի կանոններ. «Այսօր որեւէ մեկը չի կարող պատասխանել այն հարցին, թե եթե, օրինակ, վիրավորական մեկնաբանություն կա, ըստ օրենքի, ինչպես պետք է վարվի լրատվամիջոցը կամ ինչպես պետք է վարվի այն հասցեատերը, որին այդ վիրավորական մեկնաբանությունը վերաբերում է»: Նախագծի համահեղինակներ են դարձել ԱԺ բոլոր խմբակցություններից պատգամավորներ: Ըստ Արփինե Հովհաննիսյանի` նախագծի ստեղծման համար հիմք է հանդիսացել Եվրադատարանում քննվող «Դելֆին ընդդեմ Էստոնիայի» գործը, երբ լրատվական գործակալությանը պարտավորեցվել էր որոշակի գումար վճարել իր ֆորումում տեղ գտած վիրավորական բնույթի մեկնաբանությունների համար: ՀՀԿ պատգամավորի կարծիքով` սա խիստ մոտեցում էր, եւ քանի որ Եվրադատարանի որոշումները ՀՀ իրավական համակարգի բաղկացուցիչ մասն են, խնդիր դրվեց ստեղծել առավել մեղմ նախագիծ, որը լրատվամիջոցին հնարավորություն կտա խնդիրը լուծել արտադատական կարգով. «Ոչ թե նստել ու սպասել, թե ինչպես կզարգանան այլ դեպքերը, ունենալ խախտված իրավունքներ, վիճելի դեպքեր, պրոբլեմատիկ իրավիճակներ, եւ դրանից հետո միայն աղմկահարույց վիճակով դրան անդրադառնալ»: Այժմ նախագծի քննարկումը հետաձգվել է. համահեղինակները սպասում են Դելֆիի գործով Եվրադատարանի Վերին պալատի որոշմանը, որից հետո միայն որոշակի փոփոխություններ կատարելով նախագծում եւ քննարկելով նոր առաջարկները` նորից կդնեն քննարկման։ ԲՀԿ պատգամավոր Էլինար Վարդանյանի կարծիքով՝ «Այս ընթացքում մենք կունենանք գոնե Եվրոպական դատարանի նախադեպ, որը նաեւ մեզ համար կարող է ուղեցույց լինել` հետագայում առա՞ջ տանել օրենքի այդ նախագիծը, թե՞ ինչ-որ պահի հրաժարվել դրանից»: Նախագիծը դեռ օրենքի ուժ չի ստացել, սակայն համահեղինակներն արդեն դրական միտումներ են տեսնում։ Ըստ ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանի՝ ֆեյքերով հարձակումները սկսել են նվազել. «Ինձ բազմաթիվ անգամ կապվել են` թե հանրային դեմքեր, աստղեր, քաղաքական գործիչներ, եւ ասել, որ այդ նախագիծն իսկապես կարեւոր է, ինչի այն հետ կանչեցիք: Ես ուղղակի ասել եմ, որ հետ չենք կանչել նախագիծը»: