Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Թող գնան դատավորի ձեռքն ու ոտքը համբուրեն». Սպանվածի մայր

Հասարակություն
dat

Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուի՝ Կարեն Եսայանի մորը զայրացրել է պաշտպան Լուսինե Սահակյանի այսօրվա ասուլիսում հնչեցրած միտքը, թե Սպարտակ Ղուկասյանը հորդորել է չգնալ նշանադրության՝ ասելով «կքոռանաս, բայց քրոջս չես տեսնի»։ «Ես ընդհանրապես ոչ մի բանի հետ համամիտ չեմ։ Լուսինե Սահակյանը որտեղի՞ց գիտի այս բառերը, ուզում եմ իմանալ, որտեղից գիտի։ Այս ի՞նչ սուտ է, ի՞նչ զրպարտանք»,- «Ա1+»-ին ասաց Կարեն Եսայանի մայրը՝ Անահիտ Իսկանդարյանը։ Նրա խոսքերով՝ Սպարտակը եւ իր տղան մանկուց են իրար ճանաչել, միասին նույն դպրոցում են սովորել. «Կարենը այդ տղան չէր, որ Սպարտակը կանչեր եւ այդպիսի բաներ ասեր, չուզենար, չէր տա, ինչի՞ պետք է սպառնար Սպարտակը»,- հարց է տալիս նա։ Որդեկորույս մայրը նաեւ զարմանում է, թե ինչու է Հարություն Սարգսյանին դատարանը դատապարտել 15 տարվա ազատազրկման։ «Թող գնան դատավորի ձեռքն ու ոտքը համբուրեն, որ 15 տարի են տվել։ Ես դեռ պետք է բողոքարկեմ։ Այսինքն՝ մարդ առեւանգելը, միտումնավոր սպանություն իրականացնելը, օրերով հետապնդելը, ապացույցները հերիք չէ դատարանում»,- ասում է տիկին Իսկանդարյանը։ Հիշեցնենք, որ 2013թ. ապրիլի 12-ին Գյումրիում սպանվել է այն ժամանակ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուն` 27-ամյա Կարեն Եսայանը, որն ապրիլի 13-ին պետք է նշանվեր քաղաքապետի դստեր՝ Մանյա Ղուկասյանի հետ: Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը սպանության համար 15 տարվա ազատազրկման դատապարտել Անիի նախկին ոստիկանապետ Սամվել Սարգսյանի որդուն՝ Հարություն Սարգսյանին։ Ըստ մեղադրական եզրակացության, նա խանդի հողի վրա է կատարել սպանությունը։ Սարգսյանները պնդում են, որ իրենց որդին անմեղ է, իսկ դատավճիռն` անարդարացի: Նրանք առաջին ատյանի դատարանի որոշումը բողոքարկել էին Վերաքննիչ քրեական դատարան, որն անփոփոխ էր թողել դատավճիռը: Գործն ուղարկվել է Վճռաբեկ դատարան։