Ով թաթը կդնի մեզ վրա՝ դառնում ենք նրա կամակատարը (տեսանյութ)
«Անկախ այն հանգամանքից՝ մենք ԵՄ կգնայինք, թե Եվրասիական տնտեսական միություն, մեր տնտեսությանը ոչ մի բան չի սպառնում, քանի որ մեր պետական կառավարման համակարգը և դրանից բխող տնտեսական համակարգը, ուղղակի մրցունակ չի. Օլիգարխիկ տնտեսությունը ամենաանհաջող, ամենաանմրցունակ տնտեսությունն է աշխարհում»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման հայտարարությամբ հանդես եկավ կառավարման փորձագետ, տնտեսագետ Հարություն Մեսրոբյանը։ Վերջինս նաև փաստում է, որ ունենալով նման տնտեսություն, երբ օլիգարխիան սերտաճած է պետության հետ, ակնկալել տնտեսական զարգացում` առնվազն միամտություն կլինի։ «Այժմյան քաղաքականությունը պետության համար անհեռատես է, սակայն սեփական գրպանի համար՝ շահավետ։ Մեր տնտեսությունը իր դերի մեջ է , և կախված այն հանգամանքից, թե ով է թաթը դնում մեզ վրա, մենք դառնում ենք նրա հնազանդ կամակատարը»,- ասաց փորձագետը։ Անդրադառնալով նաև դրամի և դոլարի փոխարժեքի տատանումներին` բանախոսը նշում է, որ դա այնքան էլ արտառոց երևույթ չէ, և տարօրինակ կլիներ եթե տատանումներ չլինեին, և եթե մեկ շաբաթվա ընթացքում այդ տատանումը 3%-ը չի գերազանցում, ապա պետք չէ այդքան մեծ ուշադրություն դարձնել դրա վրա։ «Ա1+»-ի լրագրողի այն դիտարկմանը, թե ինչպես եք վերաբերվում Արժույթի միջազգային հիմնադրամի հրապարակած այն զեկույցին, որտեղ նշված է, որ մինչև 2015 թվականը Հայաստանը չի գերազանցի 5% տնտեսական աճը, տնտեսագետը տվեց հետևյալ պատասխանը. «Ես նման կազմակերպությունների գնահատականներին մեծ վերապահումներով եմ մոտենում, քանի որ նրանք քիչ են խոսում և քննարկում որակական փոփոխությունները։ Դրա համար ես միշտ հորդորում եմ, երբ խոսում են այս կամ այն պետության տնտեսական զարգացման մասին, ապա պետք է հստակ ունենան հետևյալ հարցերի պատասխանը՝ բյուջեի եկամտային և ծախսային կառուցվածքը, Համախառն ներքին արդյունքի կառուցվածքը և առևտրային հաշվեկշռի ներմուծման և արտահանման կառուցվածքը»,-ասաց Հ. Մեսրոբյանը՝ հավելելով, որ միայն դա է խոսում տնտեսության զարգացման մասին։ Իսկ Սպառողների ազգային ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանը վստահեցնում է, որ մեր պետության բավարար վիճակը ավելի քիչ կախված է միջազգային կառույցներից ու ավելի շատ՝ քաղաքականության ճիշտ կազմակերպումից: