Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Կքոռանաս, բայց քրոջս չես տեսնի». Վարդան Ղուկասյանի որդին՝ սպանվածին (տեսանյութ)

Հասարակություն
68b7388de8ee420a11bd6ffec1b6b75e

«Կքոռանաս, բայց քրոջս չես տեսնի»,- Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը, ասել է սպանված Կարեն Եսայանին: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին տեղեկացրեց սպանության գործով մեղավոր ճանաչված եւ 15 տարվա ազատազրկման դատապարտված Հարություն Սարգսյանի պաշտպան Լուսինե Սահակյանը: Նրա խոսքերով, սակայն, ոչ նախաքննության ընթացքում եւ ոչ էլ դատաքննության ընթացքում այս հանգամանքը չի ուսումնասիրվել եւ իրավական գնահատական չի տրվել, իսկ Սպարտակ Ղուկասյանը չի հրավիրվել դատարան: Նշանադրության նախորդ օրը Կարեն Եսայանը մեքենան տանում է լվանալու, որից հետո ըստ նախաքննական մարմնի` նա գնում է տուն, սակայն դատավարության ընթացքում արդեն պարզվեց, որ Կարենը գնացել է կիսաքանդ տուն, որտեղ հանդիպել է Սպարտակ Ղուկասյանի եւ նրա ընկերների հետ: Փաստաբանի խոսքով` ավելի քան տարօրինակ է, որ Կարեն Եսայանի անհետանալուց ընդամենը 40 րոպե անց Վարդան Ղուկասյանի կողմնակիցները սկսում են նրան որոնել ու հայտնաբերում են: Լուսինե Սահակյանը կարծում է, որ իրականում ոստիկանությունը ցանկանում էր, որ այս ամենը բարդվեր հենց Հարություն Սարգսյանի վրա: Ուստի ոչ մեկը չի փորձում պարզել, թե ում հետ է խոսել Կարենը: Նա նույնիսկ ոստիկանության բաժնում դաժան ծեծի է ենթարկվել, սակայն չի ընդունել սպանություն կատարելու փաստը: Պաշտպանը համոզված է, որ որեւէ հիմք չկա նրան դատապարտելու, եւ իր պաշտպանյալն անմեղ է. բազմաթիվ ապացույցներ գոյություն ունեն: Ըստ մեղադրական եզրակացության՝ Հարություն Սարգսյանը ցանկացել է ամուսնանալ Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի աղջկա՝ Մանյա Ղուկասյանի հետ, սակայն թույլ չեն տվել, եւ նա խանդի հողի վրա սպանել է Կարեն Սարգսյանին: Սակայն հետագայում պարզվել է, որ երիտասարդները ընդհանրապես իրար չեն ճանաչել եւ Հարություն Սարգսյանը ընկերուհի է ունեցել, ում հետ ցանկացել է ամուսնանալ: Այժմ գործը ուղարկվել է Վճռաբեկ դատարան։ Պաշտպան Լուսինե Սահակյանը թեեւ վաղուց չի հավատում, որ Հայաստանում արդարադատություն կարող է իրականացվել , բայց միեւնույն ժամանակ Վճռաբեկ դատարանին կոչ է անում. «Աղմուկ հանած գործ է, պետք է ընդունվի վարույթ, եւ դա կլինի լավ PR, եթե արդարացման դատական ակտ կայացվի»,- ասաց պաշտպանը: Հելսինկյան ասոցիացիայի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանն էլ համոզված է, որ եթե իրականում լուրջ քննություն իրականացվեր, ամեն ինչ այլ կլիներ. «Սկսում են լուրջ դեմքով դատավարություն անցկացնել, չե՞ն տեսնում, որ անմեղ է»: