Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Որոշ պատգամավորներ մեղադրվեցին ադրբեջանական ֆինանսավորման մեջ (տեսանյութ)

Քաղաքականություն
HGKIevSDE0E

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի ելույթն այսօր ԱԺ ամբիոնից սկանդալային ընթացք ստացավ: Մինչ կխոսեր ՄԻՊ նախորդ տարվա զեկույցից, նա սկսեց որոշ պատգամավորների մեղադրել, որ նրանց ելույթները օտարերկրյա ագենտների լեզվով էր կառուցված. «Երեկ ականատեսը եղանք պետական դավաճանության դասական օրինակի: Դա տեղի է ունենում այն ժամանակ, երբ մեր երկրի նախագահն ու մեր բարեկամ երկրի նախագահը հանդիպում են: Զգացի ալերգիա, նավթադոլարների հոտ: Փաստորեն, որոշ պատգամավորների ֆինանսավորման ուղղությունները փոխվել են: Ես չեմ ցանկանում իջնել այդ մակարդակին ու բանավեճերի մեջ մտնել, իսկ պոռոտախոսներին կասեմ՝ կանգնեք հայելու մեջ, ձեզ նայեք ու ասեք՝ ի՞նչ եք արել այս երկրի համար»: Այդ պահին նրա ելույթին զուգահեռ ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը սկսեց տեղից զայրացած արձագանքել, եւ Վահրամ Բաղադասարյանն իր խոսքի մի մասը սկսեց ուղղել նրան՝ ասելով. «Լավ է, գոնե մեկն իր վրա վերցրեց»: Այնուհետեւ, խոսելով «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի նախորդ անգամ բերած օրինագծերից մեկի՝ պատգամավորի պահվածքի մասին, պարոն Բաղդասարյանն ասաց. «Պատգամավորների պահվածքի մասին օրինագիծ է բերում մեկը, որն ավելի շատ իրեն էր վերաբերում, ինչը, ցավոք, չի էլ պահպանում»: Վերջապես անդրադառնալով բուն թեմային՝ Վահրամ Բաղդասարյանը հայտարարեց, որ օմբուդսմեն չի նշանակում, որ պետք է հանձնարարականներ տա պատգամավորներին. «Փոխվեք ինքներդ, հետո պահանջեք ուրիշներից: Օմբուդսմենը ոչ թե մոլորված է, այլ մոլորեցնող է: Դուք ինքներդ փոխվեք ու սկսեք աշխատել ԱԺ հանձնաժողովների հետ»: Այնուհետեւ դիմեց ԱԺ նախագահին՝ խորհուրդ տալով, որ նա օգտվի իր լիազորություններից ու կարգի հրավիրի կարգազանցներին, որոնք այս ամբիոնն օգտագործում են այլ նպատակներով: Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանն իր ելույթում հայտարարեց, որ ինքը որպես անձ պաշտպանության ակնկալիք որեւէ մեկից չունի. «Շահերի պաշտպանության կարիք ունի օմբուդսմենի ինստիտուտը»: Նա այդպես էլ հստակ չանդրադարձավ իր հասցեին ուղղված կշտամբանքներին ու դիտողություններին: