Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դատավճիռը քաղաքական հետապնդում է. Ազատ դեմոկրատների հայտարարությունը

Քաղաքականություն
azat

Հոկտեմբերի 17-ին Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Շանթ Հարությունյանի եւ նրա ընկերների նկատմամբ կայացված դատավճիռն ակնհայտ քաղաքական հետապնդում է: Ազատ դեմոկրատներ կուսակցությունը դատապարտում է Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը, քանզի այն կայացվել է ելնելով Շանթ Հարությունյանի եւ նրա կողմնակիցների քաղաքական հայացքներից ու այդ կերպ կոպտորեն ոտնահարվել է անձի սահմանադրական իրավունքը: Առանձնակի ուշադրության է արժանի այն անընդունելի երեւույթը, երբ քաղաքական հայացքների համար հետապնդվում է նաեւ Շանթ Հարությունյանի անչափահաս որդին` Շահեն Հարությունյանը: Սա եւս խոսում է իշխանությունների անհանդուրժողականության դրսեւորման մասին: Ազատ դեմոկրատներ կուսակցությունը նաեւ համարում է, որ Վոլոդյա Ավետիսյանի եւ Վարդան Պետրոսյանի նկատմամբ կայացված դատական վճիռները եւս ակնհայտ քաղաքական հետապնդում են: Փաստացիորեն, ՀՀ իշխանությունների` մասնավորապես ՀՀ դատական համակարգի թեթեւ ձեռքով անտեսվում է ՀՀ քաղաքացիների Սահմանադրական իրավունքները: Պետք է օր առաջ վերջ դնել այս արատավոր երեւույթին, քանզի իրեն ժողովրդավար հռչակած պետության համար քաղբանտարկյալների առկայությունը պետք է անընդունելի եւ անհամատեղելի լինի: Ազատ դեմոկրատներ կուսակցության լրատվական ծառայություն 21 հոկտեմբերի, 2014թ.