Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տ. Նավասարդ սրբազանը հանդիպեց զոհված զինվորների մայրերին

Քաղաքականություն Հասարակություն
mayrer

ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոսը հանդիպեց Արարատյան Հայրապետական թեմից զորակոչված եւ ծառայության ժամանակ զոհված զինվորների մայրերին, ովքեր «Մենք մեր զինվորի կողքին ենք» ծրագրով աջակցություն են ստացել: Սրբազանը զրուցեց մայրերի հետ, լսեց նրանց որդիների պատմությունները, մխիթարության խոսքեր ասաց. «Սիրելի մայրեր, Արարատյան Հայրապետական թեմի բոլոր նախաձեռնությունները օրհնվում են Հայոց Հայրապետի կողմից՝ մեր սրբություն սրբոց Էջմիածնից: Որեւէ գումար չի կարող փոխհատուցել ձեր կորուստը, որ բոլորինս է: Ոչինչ չի կարող ամոքել այն ցավը, որ կա ձեր սրտերում: Մենք մեր խոնարհումն ենք բերում ձեր առաջ՝ նման հերոս որդիներ ազգին նվիրելու համար: Ցավոք՝ մենք ապրում ենք այնպիսի պայմաններում, որ անմեղ զոհերից խուսափել չենք կարողանում: Աղոթում ենք առ Աստված, որ այլեւս ոչ մի կյանք չպահանջվի՝ մեր Հայրենիքի սահմաններն անառիկ պահելու համար: Սակայն յուրաքանչյուրիս գերագույն պարտքն է տալ Հայրենիքին առավելագույնը: Պարտական ենք ձեզ ու բոլոր հայ մայրերին»: Սրբազան հայրն իր պատրաստակամությունը հայտնեց աջակցել ու նրանց կողքին լինել անհրաժեշտ պարագաներում: Մայրերը խնդրեցին հնարավորություն ընձեռել հաճախ հանդիպել Սրբազանին, ինչին նա սիրով համաձայնեց:   Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին