Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ցմահ դատապարտյալը հացադուլ է սկսել. մայրը դատախազության մոտ է (տեսանյութ)

Հասարակություն
spanutyun

Տաքսու վարորդի սպանության, ինչպես նաեւ երկու դանակահարությունների համար ցմահ դատապարտված Արեն Չատինյանը երեք օր է՝ հացադուլի մեջ է։ Նրա մայրը՝ Ալլա Մարտիրոսյանը, Լոռու Ագարակ համայնքից եկել էր գլխավոր դատախազություն՝ պահանջով, որ տղայի գործը վերանայվի, բայց ստացել բացասական պատասխան։ «Ինձ մնում է միայն՝ ես ինքս հետաքննությունները վարեմ, գողությունը, սպանողին գտնեմ, բերեմ, ասեմ՝ վերցրեք»,- ասում է մայրը՝ Ալլա Մարտիրոսյանը։ Մայրն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ գործով զբաղվող քննիչ Բաբկեն Մարտոյանին մեկ տարի անց մեղադրանք է առաջադրվել մեկ այլ գործով՝ ապացույցները խեղաթյուրելու համար։ «Մի նոր, արդարացի քննիչ թող նշանակեն՝ իմ տղայի գործը վերանայելու համար։ Եւ ես, եւ իմ տղան պատրաստ ենք կրելու այն պատիժը, որ ինքը արել է, բայց ինչը չի արել, ոնց կարելի է»,- ասում է մայրը։ Ալլա Մարտիրոսյանի որդին 21 տարեկան հասակում՝ 2008 թ-ին, դատապարտվել է ցմահ ազատազրկման։ Հենց դատավարության սկզբում, մոր խոսքերով, Արեն Չատինյանը հաստատել է, որ կապ չունի այդ սպանության հետ եւ իրեն մեղավոր չի ճանաչել. «Տաքսու մեջ հայտնաբերվել են բոլորովին այլ մարդու մատնահետքեր»։