Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ում նախագահն է Սերժ Սարգսյանը. Վիճաբանություն ԱԺ-ում (տեսանյութ)

Քաղաքականություն
galust3

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն այսօր ԱԺ քառօրյայի ժամանակ հայտարարեց, որ իրենք ունեն երկու հարց արտահերթ քննարկման, որոնք անհետաձգելի են՝ կառավարման ճգնաժամի եւ «Ընտրական օրենսգրքի» ընթացակարգերի փոփոխությունների վերաբերյալ»: «Հոկտեմբերի տասի հանրահավաքին արձանագրել ենք, որ իշխանությունները ձախողել են բոլոր ուղղություններով, եւ, ի վերջո, մենք ուզում ենք սա արձանագրել ու անհետաձգելի միջոցառումներ ձեռնարկել: Մարդիկ սպասում են դրան, իսկ դուք ասում եք, թե ուզում ենք սահմանափակել ձեր լիազորությունները, պարոն ԱԺ նախագահ: Ես հղում անեմ ԱԺ կանոնակարգին: Այնտեղ գրված է, որ ԱԺ նախագահը օրակարգի հարցերի շուրջ քննարկումից հետո մնացած հարցերի շուրջ կարող է սահմանել հաջորդականություն եւ պատասխանել հարցերին: Մենք ուղղակի պահանջում ենք մեր նախագծերը դնել արտահերթ քննարկման, քանի որ ժողովուրդը եւս դա համարում է անհետաձգելի»: ՀԱԿ-ը պահանջում է, որպեսզի իրենց հարցերը կառավարության ներկայացրած որոշումներից առաջ քննարկվեն: Կառավարությունը մասնավորապես ներկայացրել է սահմանամերձ համայնքների արտոնությունների վերաբերյալ նախագիծը: Ի պատասխան՝ Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ իր իրավունքների որոշողը թող ոչ ոք չլինի. «Ինչպես կանոնակարգ օրենքն է պահանջում, այդպես էլ կքննարկենք ձեր նախաձեռնությունները»: «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանն իր խոսքում կրկին անդրադարձավ Շանթ Հարությունյանի դատավարությանը՝ նշելով. «Ինչպես թե այսօրվա օրակարգի հետ կապ չունի Շանթի դատապարտումը: Քննարկում ենք ՄԻՊ զեկույցը, եւ այդ ենթատեքստում Սերժ Սարգսյանի հայտարարությունը Շանթի գործով, ուղղակի ուղղորդում էր դատարանին, թե տեղի է ունեցել հանցագործություն, ու նրանք պետք է հայտնվեն բանտում: Եվ, ի վերջո, ինչո՞ւ եք խոչընդոտում պատգամավորի կարծիք հայտնելը»: Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ օրակարգի հարցերն են ընդամենը քննարկում. «Իսկ Սերժ Սարգսյանը նաեւ ձեր նախագահն է ու ՀՀ քաղաքացիների նախագահն է»: «Սերժ Սարգսյանը ձեր խմբակի ղեկավարն է, ոչ թե ՀՀ քաղաքացիների: Մինչ դատաքննությունը նա իրավունք չուներ կարծիք հայտնելու դատաքննության վերաբերյալ»,- արձագանքեց Զարուհի Փոստանջյանը: ԱԺ փոխնախագահը կրկին ընդհատեց նրան՝ ասելով. «Սա պառլամենտ է, ու այդ բառապաշարով պետք չէ խոսել: Իմ ուշքը չի գնում ձեր խոսափողն անընդհատ անջատելու համար, մի քիչ կոռեկտ եղեք»: Իսկ ՀՀԿ պատգամավոր Հովհաննես Սահակյանն էլ հիշեցրեց, որ սա քաղաքական հայտարարությունների ժամ չէ, սա ԱԺ օրակարգի քննարկում է»: