Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կայացել է զինծառայողների և նրանց ծնողների հանդիպումը (տեսանյութ)

Հասարակություն
zin1

Բանակ-հասարակություն կապի ամրապնդման, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Զինված ուժերում ծառայող զինվորներին խրախուսելու նպատակով Կոտայքի մարզպետարանում կայացել է մարզից զորակոչված շուրջ 75 զինծառայողների և նրանց ծնողների հանդիպումը Կոտայքի մարզպետ Ա. Հարությունյանի և ՀՀ Պաշտպանության նախարարության 1-ին բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Տ. Փարվանյանի հետ: Ողջունելով և շնորհավորելով բոլոր ներկաներին` Կոտայքի մարզպետ Ա. Հարությունյանն ընդգծել է, որ նմանատիպ միջոցառումների իրականացումը բանակի հետ կապն ու համագործակցությունը առավել սերտացնելու և զինվորներին քաջալերելու լավագույն հնարավորություններից է, իսկ զինված ուժերի հետ համատեղ և շարունակական բնույթ կրող աշխատանքների կազմակերպումը՝ մարզպետարանի գործունեության հիմնական առանցքը: Հանդիպումն ուղեկցվել է տոնական հանդիսավոր միջոցառումով: Գեղարվեստական հանդիսությանը մասնակցել են նաև մարզի լավագույն համույթներն ու անհատ կատարողները: Ելույթներով հանդես են եկել նաև մի շարք զինվորներ և ծնողներ, ովքեր իրենց խոսքում դրական են գնահատել ՀՀ Զինված ուժերում կազմակերպվող գործընթացների բոլոր դրսևորումներն ու փաստել նմանօրինակ ձեռնարկների անհրաժեշտությունը: Կոտայքի մարզկենտրոնում կայացած հանդիպման մասնակիցներին ողջունել է նաև ՀՀ ՊՆ առաջին բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Տիգրան Փարվանյանը` ներկայացնելով հանդիպման կազմակերպման հիմնական նպատակային ուղությունները: Հրամանատարն իրենց զավակների բարեխիղճ ծառայության համար շնորհակալական խոսքեր է հղել զինվորների ծնողներին ու անդրադարձ կատարել մարզի ղեկավարության հետ հետագա համագործակցության ծրագրային մոտեցումներին: Մարզպետարանում կազմակերպված միջոցառմանը մասնակցել են նաև այն համայնքների ղեկավարները, որտեղ բնակվում են հանդիպմանը մասնակցող զինվորները: Համայնքների ղեկավարները ևս ընդգծել են միջոցառման ձևաչափի կարևորությունը և պատրաստակամություն հայտնել մշտապես ուշադրության կենտրոնում պահել ու աջակցել իրենց համայնքներից զորակոչված զինծառայողներին ու նրանց ընտանիքներին: Միջոցառման ավարտին տեղի է ունեցել զինվորների խրախուսման և նրանց ծնողներին շնորհակալական նամակների փոխանցման արարողություն:     ՀՀ Կոտայքի մարզպետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին