Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հայաստանին պետք է ռուսաց լեզուն». Հարցական նշա՞ն, թե՞ շեշտ

Կարևոր լուրեր Հասարակություն
MG_6942

«Մոսկվայի տունը» Երեւանի քաղաքապետարանի աջակցությամբ կազմակերպել է ռուսաց լեզվի ուսուցիչների մրցույթ։ Մասնակից ուսուցիչներին ընտրել են իրենց իսկ դպրոցներում։ Ի դեպ, ընտրվել են այն դպրոցները, որտեղ ռուսերենի խորացված ուսուցում է անցկացվում։ Ուսուցիչները պետք է գրեն շարադրություն մեկ միասնական թեմայով` «Հայաստանին պետք է ռուսաց լեզուն»։ Դնել հարցական նշան, թե շեշտ` որոշում էին իրենք։ Ամեն ինչ լավ կլիներ, եթե մրցույթը սկսելուց վայրկյաններ առաջ չպարզվեր, որ շատ ուսուցիչներ տեղյակ չեն, թե ինչի համար են եկել այստեղ. «Մեզ ուղղակի դպրոցում ասել են գանք այստեղ, մրցույթի մասնակցելու ուրիշ ոչինչ», «թող մեզ ասեին թեման, երբ մեր մուսան գար, մենք կգրեինք եւ կուղարկեինք, մենք բոլորս էլ գրել գիտենք, թող չկասկածեն, ինչ է, ուզում են ստուգե՞լ», «Սա վիրավորական է ուսուցչի համար, ինչքան կարելի է ուսուցիչների քննություն անցկացնել, սա ինչ վերաբերմունք է»,- ասացին ուսուցիչները, ովքեր վախենալով աշխատանքը կորցնելուց չցանկացան ներկայանալ։ Իրենց վրդովմունքը արտահայտելուց հետո, սակայն, ուսուցիչները որոշեցին մասնակցել մրցույթին եւ գրել իրենց հանձնարարված շարադրությունները։ Իսկ մինչեւ այդ ուսուցիչների հետ զրուցեցինք նաեւ հայ երիտասարդների ռուսերեն լեզվի իմացության մասին։ Ուսուցիչները ճիշտ է փաստում են, որ երբ իրենք էին աշակերտ, ռուսերեն գիտեին բոլորը, բայց այսօր էլ աշակերտները վատ չեն յուրացնում օտար լեզուն. «Մեր ժամանակ ուրիշ էր, մենք այն ժամանակ շատ էինք գնում տարբեր երկրներ եւ բոլորը սովորում էին ռուսերեն։ Իսկ այսօր երեխաները գրեթե երկրից դուրս չեն գալիս, իսկ եթե անգամ դուրս են գալիս, ապա անգլերենը նրանց ավելի շատ է պետք գալիս»,- Ա1+-ի հետ զրույցում ասաց թիվ 77 դպրոցի ուսուցչուհի Աննա Հարությունյանը եւ հավելեց, որ մի խնդիր էլ կա. այսօր երեխաները չեն սիրում կարդալ, ոչ միայն ռուսերեն, այլ անգամ հայերեն. «Մենք փորձում ենք այդ սերը արթնացնել նրանց մոտ լեզվի եւ գրականության, ընթերցանության հանդեպ։ Ուզում ենք, որ նրանք հասկանան, որ ինչ-որ բանի հասնելու համար նրանց նաեւ ռուսերեն լեզուն է անհրաժեշտ։ Մեր ներկա քաղաքական դրությունն էլ է հուշում, որ ռուսերենը դեռ շատ է պետք գալու։»,- հավելեց նա։ Մոտ 15 տարի առաջ վիճակն ավելի վատ էր՝ ասում է թիվ 150 դպրոցի ուսուցչուհի Մելիքյան Սվետլանան։ Ըստ նրա, հիմա քիչ թե շատ ռուսերենի իմացությունը բարելավվել է, բայց տենդենցը դեռ կա՝ աշակերտները շատ թույլ են. «Որովհետեւ շփում չկա, չեն լսում ռուսերենը հեռուստացույցով, չեն կարդում։ Հետո այսօրվա աշակերտները անգամ հայերեն չեն խոսում գրագետ, ուր մնաց ռուսերեն խոսեն»։ Ի դեպ, ռուսաց լեզվի ուսուցիչների գրած շարադրությունները կստուգեն ԵՊՀ-ում դասավանդող ռուսաց լեզվի դասախոսները։ Արդյունքները կամփոփվեն հոկտեմբերի 23-ին։ Առաջին երեք տեղերը զբաղեցրած ուսուցիչները կստանան արժեքավոր նվերներ։