Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մեր գործարարները հետ են մնացել աշխարհից» (տեսանյութ)

Քաղաքականություն Տնտեսություն
qnnarkum1

ՀՀ գործատուների հանրապետական միության վերլուծաբան Գագիկ Սարգսյանի համոզմամբ՝ մեր գործարարներն ունեն գրագիտության պակաս՝ հետ են մնացել աշխարհից. «ԵՏՄ-ում ավելի բարդ է լինելու: Քանի կա առաջարկ, պետք է ճիշտ այն օգտագործել, հակառակ դեպքում ոնց որ աղջկան առաջարկություն անես, մերժումից հետո արդեն ավելի դժվար է լինելու: Գրագիտության պակասը մեզ շատ է խանգարում: Ինչ վերաբերում է գյուղատնտեսության բարելավմանը, ապա ՀՀ-ն այսօր կարծես նման լինի մեծ գլխով, փոքր ոտքերով ու ձեռքերով երեխայի՝ կենտրոնացել են Երեւանի վրա՝ աչքաթող անելով մարզերը»: Քննարկմանը ներկա Լոռու մարզի՝ «Կառա եւ Կարեն» կաթի արտադրությամբ զբաղվող ՍՊԸ սեփականատեր Կարինե Ղուկասյանը հայտարարեց, որ իրենք չեն ցանկանում լքել երկիրը, ու արդյունքում մերթընդմերթ ենթարկվում են տարբեր փորձությունների. «Երկրի ներսում ունենք որոշակի խնդիրներ, որոնք հնարավորություն չեն տալիս մեզ տարիների ընթացքում աճելու, որ մենք մեզ զգանք ապահով: Գոնե վարչարարությունը մեզ օգնող լիներ»: Ի դեպ, նրա վստահեցմամբ՝ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը կերել է մեր պանիրն ու ասել՝ հայկական պանրին պանիր չի հասնի: Բացի այդ, տիկին Ղուկասյանին զանգահարել են ՌԴ-ից ու խնդրել թվարկել այն մթերքները, որոնք կարող է նա արտահանել. «Սակայն հասկացա, որ դեռ պատրաստ չեմ. ամոթալի վիճակում էի»: