Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դաշնակցությունը փնտրում է սատանային (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
bf37c1426f336deb21455d718b7a1ad5

«Սահմանադրությունը որեւէ մեկին չպետք է խանգարի վերարտադրվել»,-ասում է հանրապետական պատգամավոր Հակոբ Հակոբյանը. «Յուրաքանչյուրը պայքարում է իր վերարտադրության համար»։ Պատգամավորը փիլիսոփայորեն է նայում սահմանադրական բարեփոխումներում Սերժ Սարգսյանի վերարտադրման մասին ընդդիմության մտահոգություններին՝ վերարտադրությունը բնության օրենքն է. «Դա նույնն է, որ մեղադրես կատվին, որ նա կատվի ձագ է ծնում»։ Մարտունեցի պատգամավորը համաձայն չէ, որ հանրապետականը վերարտադրվում է ընտրակեղծիքներով ու ընտրակաշառքով։ Մյուս կողմից, եթե նույնիսկ այդպես է, ընդդիմությունն էլ հրեշտակ չէ. «Նույն օպոզիցիան նույն քաղաքական ուժերը, որոնք որ քննադատում են Հանրապետականին, իրենք էլ գնում են բացառապես նույն ճանապարհով, ինչ որ Հանրապետականը»։ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը խորհրդարանական կառավարման համակարգի կողմնակիցներից է, բայց այսօր դրա ժամանակը չէ՝ ոչ հասարակական պահանջ կա, ոչ էլ սահմանադրական ճգնաժամ. «Ուղղակի խորհուրդ կտամ, որ իշխանությունները հրաժարվեն, չհամառեն»։ Պատգամավորը դեռ չի կարդացել սահմանադրական փոփոխությունների հայեցակարգը, գուցե կարդա, չի էլ բացառում, որ մի օր պետությունը փոխի իր կառավարման համակարգը, բայց այսօր Սահմանադրության մեղքը չէ, որ իշխանությունը ժողովրդին չի պատկանում. «Դրված է իշխանության վերարտադրման հարց»։ Ըստ Ռուբեն Հակոբյանի, իշխանությունն ինքն է իր պահվածքով ընդդիմությանը համոզում, որ ինքն իսկապես վերարտադրման նպատակ ունի, ինքը կարող էր սկզբից փոխել ընտրությունների մասին օրենքը, ընդդիմությանը տալ վերահսկողական լծակներ. «Ցուցակների մաքրման հարց ենք դնում, էլի դեմ են դրան։ Վերահսկիչ պալատն ասում է, որ 71 տոկոսը, հա՞, գտնվում է ռիսկային գոտում, իսկ դրա 41 տոկոսը միայն ատկատներով է փոշիանում եւ ընդդիմությանը հնարավորություն չի տրված, որ բերես ցույց տաս։ Եվ վստահել այս իշխանությանը, որ ինքը պատրաստ է, պատրաստակամ է սահմանադրական բարեփոխումներով փոփոխություն մտցնել, ուղղակի համոզիչ չէ»։ ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանի կարծիքով՝ «Փաստաթուղթն ինքը ամբողջական է, շատ լավ հիմք է հետագա աշխատանքի ծավալման համար»։ Դաշնակցությանը նախնականորեն բավարարում է ներկայացված փաթեթը՝ բայց սատանան մանրամասների մեջ է. «Մենք ուզում ենք նաեւ էդ բոլոր մանրամասնություններն ուսումնասիրել, որպեսզի որեւէ սատանա չհայտնվի էնտեղ կամ եթե հայտնաբերենք, անպայման վեր հանենք եւ վերացնենք դրան»։ Փաթեթում պարոն Մինասյանը նկատել է Դաշնակցության ներկայացված որոշ առաջարկներ, Վերարտադրման մտավախությունների համար էլ կան կանխարգելիչ ձեւակերպումներ, ժողովուրդը կմասնակցի իշխանության ձեւավորմանը. «Մասնագիտական հանձնաժողովը հստակ նշել է, որ այո հետեւողականորեն չի իրականացվում այս հոդվածը եւ անհրաժեշտ են փոփոխությունները հենց դրա համար, որպեսզի իրացվի այդ հոդվածը»։