ՀՅԴ-ականը հարցնում է՝ ովքեր են լինելու զոհերը (տեսանյութ)
Ազգային Ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը դեռ նախագահ ունի, նա զարմացած է նախագահ դառնալու Գագիկ Ծառուկյանի հավակնությունից. «Որոշ մեր քաղաքական ուժեր ֆալշստարտ իրավիճակում են»։ Արմեն Ռուստամյանը գիտեր, որ Գագիկ Ծառուկյանն ուզում է նախագահ դառնալ։ Այդ պատճառով էր Դաշնակցությունն ուզում փոխել Սահմանադրությունը. «Մենք ասում էինք, որ նախագահի պաշտոնը էդ լիազորություններով վերացնել հիմա, ոչ թե նախագահի աթոռից հետո, որովհետեւ ով գալիս է էդ նախագահի աթոռին նստում է, բացարձակապես չի մտածում էդ համակարգը փոխելու մասին»։ Դաշնակցական պատգամավորը դեմ չէ, որ ընդդիմադիր եռյակը հենց այսօր իշխանափոխություն անի, իրենք էլ էին իշխանափոխություն ուզում, բայց ամբողջական, ոչ թե մարդկանց. «Մարդափոխությանը մենք դեմ ենք»։ Արմեն Ռուստամյանը դեռ չգիտի, թե ընդդիմադիր եռյակի նախաձեռնած անհապաղ իշխանափոխությունը խաղաղ է լինելու, թե արյունահեղությամբ։ Բացի դրանից, դաշնակցական պատգամավորը պետք է իմանա, թե ովքեր են լինելու զոհերը. «Այդ, էսպես ասած, զոհվողներն ովքե՞ր են լինելու՝ առաջնորդողների՞ց, թե հասարակ ժողովրդից, որովհետեւ ով եկավ անհապաղ իշխանափոխության ծրագրով, նախ եւ առաջ հավաստիացրեց մարդկանց, որ բացի իրենցից ոչ մի զոհ չի պահանջվելու։ Բայց պահանջվեց»։ Հանրապետական Աշոտ Աղաբաբյանը չի կարծում, թե Գագիկ Ծառուկյանն իսկապես ուզում է դառնալ նախագահ։ Ըստ պատգամավորի, Ծառուկյանի միջոցով կրկին պետության առաջին դեմք է ուզում դառնալ Ռոբերտ Քոչարյանը. «Չի կարելի վերադառնալ, դուք դը Գոլը չեք, ժողովուրդը ձեզ չի ուզում, մի պայքարեք դրա համար»։ Վահրամ Բաղդասարյանը Գագիկ Ծառուկյանին լուրջ մարդ է համարում, նա հիմա իշխանափոխության գնացող չի. «Քաղաքական երկրորդ ուժի ղեկավարը լուրջ է վերաբերվում այդ խնդիրներին եւ նա խոսում է 18 թվականի մասին»։ Նույնը չի կարող ասել ԲՀԿ-ի մասին, կոալիցիա են եղել հանրապետականների հետ, միասին նորմալ աշխատել են, հիմա էլ դեմ են սահմանադրական բարեփոխումներին. «Ասում ենք՝ ինչի՞ չեք ուզում, որ մոդելը փոխվի, խորհրդարանական մոդելի անցնենք, ասում են, որովհետեւ մենք թեկնածու ունենք, էս անգամ էլ մենք լինենք նախագահ»։ Հանրապետական պատգամավորը ոչ մի կասկած չունի՝ իշխանափոխությունը պետք է, Սերժ Սարգսյանը գնացող է, բայց մի քիչ համբերեք, այսօր դրա ժամանակը չէ։ Ի դեպ, միայն Գագիկ Ծառուկյանը չէ, որ նախագահի թեկնածուներ ունի. «Հանրապետական կուսակցությունը եթե մնում է, որ մենք թեկնածուներ չունենք, մի քանի թեկնածուի անուն կարող է տալ»։