Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ռուսներն ուզում են իրենց բիզնեսն ընդլայնել Երեւանում (տեսանյութ)

Տնտեսություն
narine

Հոկտեմբերի 10-ին Մինսկում նախատեսվում է ՀՀ-ի հետ կնքել ԵՏՄ անդամակցության պայմանագիրը: Այդ նպատակով Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Բելառուս` մասնակցելու ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների եւ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստերին: ՌԴ-ի հետ ակտիվ ապրանքաշրջանառություն ունեցող ձեռնարկատերերի սպասելիքները միությունից մեծ են: «MSE» ՍՊԸ հիմնադիր-տնօրեն Հայկ Ծառուկյանն այսօր ներկա էր Երեւանում անցկացվող հայ-ռուսական երկօրյա գործարար հանդիպմանը: Նրա համար կարեւոր է ԵՏՄ անդամակցությունը եւ այսօր արդեն իսկ հաջող բանակցություններ է ունեցել ռուսական մի ընկերության հետ` ներկրելու բժշկական սարքեր; Ռուս գործարարներին ՀՀ-ի անդամակցությունը ԵՏՄ-ին ավելի է ոգեւորել: Ավտոբիզնեսի ծրագրային ապահովությամբ զբաղվող «Լոջիկ սթարս» խմբի ներկայացուցիչ Դմիտրի Խլիստովը կարծում է, որ իր բիզնես հնարավորություններն առավել կընդլայնվեն. «Դա միայն դրական արդյունքներ կտա, ոչ մի մինուս չկա: Լավ ընկերությունների համար միեւնույնն է` կա՞ ՄՄ, թե՞ ոչ: Վատ ընկերությանը ոչ մի Մաքսային չի օգնի»: Երեւանի քաղաքապետարանն իր հերթին հույս ունի, որ ԵՏՄ-ին անդամակցելով` ավելի կընդլայնվեն ռուսական ներդրումները մայրաքաղաքում: Ռուսական կողմի հետ համագործակցության փաթեթներից մեկը վերաբերում է Հաղթանակ զբոսայգուն: Քաղաքապետարանն այն որոշել է դարձնել ժամանցի մեծ կենտրոն` խաղային նոր հրապարակներով, ատրակցիոններով: Արդյոք դա կիրականացվի ծառահատումների՞ ճանապարհով. Ըստ Երեւանի քաղաքապետարանի զարգացման եւ ներդրումային ծրագրերի վարչության պետ Արմեն Հարությունյանի՝ ոչ։ Իսկ Մոսկվայի քաղաքապետարանի ներկայացուցիչ Դմիտրի Կնյազեւի հեռանկարներն այլ են: Նա նկատում է` միայն Մոսկվայում գործում է 305 հազար փոքր եւ 205 հազար միջին ձեռնարկատիրություն, որոնք ցանկանում են իրենց բիզնեսն ընդլայնել նաեւ Երեւանում. «Բիզնեսի համար չկան հանգստյան օրեր եւ չկան թեթեւ ժամանակներ»: Ի դեպ, ԵՏՄ անդամ Ղազախստանի խորհրդարանի Սենատն այսօր ընդունել է «ԵՏՄ մասին» պայմանագրի վավերացման մասին» օրենքը: Այսօր միության մասին օրինագիծը կքննարկի նաեւ Բելառուսի ԱԺ Ներկայացուցիչների պալատը: Պայմանագիրը ավելի վաղ վավերացրել է ՌԴ-ն, իսկ ՀՀ-ն կառավարության մակարդակով է հաստատել այն: