Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նաիրա Կարապետյանը ԵԽԽՎ ամբիոնից կոչ հնչեցրեց

Պաշտոնական
7321f602e8fd6b4cc3a09ec71f9bb87f

Մենք բոլորս անհանգստացած ենք Սիրիայում եւ Իրաքում օրեցօր վատթարացող իրավիճակի վերաբերյալ եւ դատապարտում ենք խաղաղ բնակչության եւ այդ թվում նաեւ` ազգային փոքրամասնությունների դեմ ուղղված հարձակումները եւ ահաբեկչական գործողությունները: Մենք խորապես մտահոգված ենք Սիրիայում ապրող հայերի ճակատագրով: Սիրիայի մյուս քաղաքացիների հետ միասին նրանք այսօր պայքարում են իրենց կյանքի իրավունքի համար: Մարտ ամսին մենք ականատես եղանք Սիրիայի Քեսաբ քաղաքի ողբերգական իրադարձություններին, մի քաղաքի, որ կարծես անցյալ դարասկզբին Ցեղասպանության հետեւանքով հայերի անմարդկային տեղահանությունների մասին ցավոտ հիշեցում էր: Այս քաղաքը եւ հարակից 12 գյուղերը դաժան հարձակման ենթարկած ահաբեկչական խմբերը, որ փոխկապակցված էին Ալ-Քաիդայի հետ, սահմանը հատել էին հարեւան Թուրքիայի տարածքից: Ես անձամբ եմ այցելել Սիրիա, հանդիպել եկեղեցիներում ապաստան գտած փախստականների հետ: Նրանք պատմեցին, որ ահաբեկիչները պղծել են Քեսաբի քրիստոնեական եկեղեցիները, ինչպես նաեւ էական վնաս են պատճառել քաղաքացիական բնակչության գույքին: Իսկ ընդամենը մի քանի օր առաջ մենք ականատես եղանք մեկ այլ բարբարոսական գործողության` Արեւելյան Սիրայում ահաբեկիչների կողմից պայթեցվել էր Դեյր Էզ Զորի  Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցին: Դա Հայոց Ցեղասպանության սուրբ հուշարձան էր, մի վայր, ուր ամփոփված էին Եղեռնի սարսափելի հանցագործության նահատակների մասունքներ: Սրբավայրում արված այս բարբարոսությունը հերթական անգամ հաստատում է այսպես կոչված “Իսլամական պետություն” ահաբեկչական խմբի վայրենի բնույթը: Բանաձեւի նախագծում ԵԽԽՎ-ն հայտնում է խորին մտահոգություն, որ շուրջ 3000 երիտասարդ եվրոպացիներ են Իսլամական Պետության շարքերում, որ կռվում են Իրաքում եւ Սիրիայում, եւ կոչ է անում Եվրոպայի խորհրդի անդամ պետություններին ջանքեր գործադրել բացահայտելու եւ ետ կանչելու, ինչպես նաեւ պատասխանատվության ենթարկել մեղավորներին: Եկեք խոսենք անկեղծ. ինչու՞ ենք մենք միայն հիմա սկսում անհանգստանալ եվրոպացիների ներգրավվածության վերաբերյալ: Ինչու՞ մենք որեւէ քայլ չձեռնարկեցինք Քեսաբի իրադարձություններից հետո, երբ առկա էին փաստեր, որ ահաբեկիչները ներխուժել էին ԵԽ անդամ Թուրքիայի տարածքից: Ինչպե՞ս եղավ, որ նույն կազմակերպության անդամներին սկսեցինք կոչել “ահաբեկիչներ”, այն դեպքում, որ Եվրոպան նրանց տեւական ժամանակ անվանում էր “ապստամբներ”: Ինչեւէ, ողջունելի է, որ ԵԽԽՎ-ն քայլեր է վերջապես ձեռնարկում, եւ մենք կոչ ենք անում Վեհաժողովին միանալու միջազգային հանրության ջանքերին՝ ուղղված այս քաղաքակիրթ աշխարհին սպառնացող այս չարիքի վերացմանը եւ դրա հովանավորության ճանապարհները արմատախիլ անելուն: ԱԺ պատգամավոր Նաիրա Կարապետյան Ստրասբուրգ