Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Փոխվարչապետն ընդունեց ՀԲ պատվիրակությանը

Պաշտոնական
armen

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց Համաշխարհային բանկի` Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի կայուն զարգացման թիմի պատվիրակությանը: Քննարկվեցին հանրապետության հարավային մարզերում զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված նոր ծրագրի նախապատրաստման, ծրագրի իրականացման պատասխանատու կառույցների ընտրությանը վերաբերող հարցեր: Առաջարկվեց ծրագրի ինստիտուցիոնալ եւ գործնական բաղադրիչների համար առանձին պատասխանատուներ ընտրել: Մասնավորապես քննարկվեց ինստիտուցիոնալ բաղադրիչը ՀՀ էկոնոմիկայի նախարարության համապատասխան կառույցների, իսկ ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված գործնական ծրագրերը՝ նոր ձեւավորվող Տարածքային զարգացման հիմնադրամի կողմից իրականացնելու հնարավորությունը: Փոխվարչապետը նշեց, որ նոր հիմնադրամի հիմնական նպատակը տարածքների համակողմանի զարգացման աջակցությունն է, եւ նախատեսվում է, որ հիմնադրամը համակարգելու է տարբեր ոլորտներում իրականացվող ծրագրերը, որոնց վերջնական նպատակը տարածքների, համայնքների զարգացումն է: Հյուրերը դրական եւ հետաքրքիր համարեցին Տարածքային զարգացման հիմնադրամի ձեւավորման գաղափարը՝ նկատելով, որ նմանատիպ հիմնադրամի գործունեության հաջող փորձ առկա է նաեւ այլ երկրներում: Զրուցակիցները քննարկեցին նաեւ ՀԲ աջակցությամբ խմելու ջրի ոլորտում իրականացվող եւ իրականացվելիք ծրագրերին առնչվող հարցեր: Տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին