Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մարտի 1-ից հետո ես խոսել եմ զինվորների հետ. նրանք սթրես են տարել»

Քաղաքականություն
aram-manukyan-1

«Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքը հակադեմոկրատական է: Այսօր ԱԺ ամբիոնից ահանզանգեց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը` հիմնավորելով իրենց ներկայացրած նախագիծը, որով առաջարկվում է ներքին հարցերի կարգավորման դեպքում բանակի օգտագործումը բացառել: Ըստ պարոն Մանուկյանի` այս օրենքը դեմ է մեր բանակին. «2008թ. իրադարձություններից հետո ես խոսել եմ զինվորների հետ. նրանք սթրես են տարել: Սա հակամարդկային է. իշխանություններն իր զինվորին ուղարկում են իր քաղաքացու դեմ: Բանակը միշտ ասոցացվել է արտաքին թշնամու դեմ պայքարում: Հիմա մեր բանակին դնում եք ծանր վիճակի մեջ: Այն վիհը, որ առաջացել էր բանակի ու ժողովրդի միջեւ, 6 տարի տեւեց, եւ միայն այս տարվա օգոստոսին տեղի ունեցած ադրբեջանական դիվերսիան այդ անջրպետը վերացրեց: Հիմա կա սեր ու հարգանք բանակի նկատմամբ. նա մեր երեխան է, որին պետք է փայփայել ու պահպանել: Հոգեբանական լուրջ վտանգ եք հասցնում բանակին: Զենքը երբեք չպետք է ներքին խնդիրների դեպքում օգտագործվի: Փորձեք հաղթահարել ձեզ, հարգելի մեծամասնություն, մեր ժողովրդին սա սազական չէ»: ՀՀԿ պատգամավոր Խոսրով Հարությունյանը, փորձելով պաշտպանել կառավարության եւ քաղաքական մեծամասնության դիրքորոշումը, հայտարարեց, որ այս օրենքն ու բանակի մասին դրույթը վերաբերում է միայն սահմանադրական կարգը բռնի ուժով տապալելուն. «Պարոն Ջհանգիրյան, ձեր մտավախությունները հասկանալի են ու ըմբռնումով եմ մոտենում ձեզ»: ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շամազանովի կարծիքով` խնդիրը պետք է լուծվի ճիշտ ատյանում` ՍԴ-ում, այլ ոչ թե ԱԺ-ում. «Բոլորիս կարծիքը մեկն է` անօրինականություն չպետք է լինի, ու բանակլը անհարկի չպետք է միջամտի: Բա սթրես կլինի, բա ինչ: Ինչի միայն բանակն է սիրելի...Բա մեր ԱԱԾ-ն, ոստիկանությունը, բոլորս էլ մի նավի մեջ ենք: Պետք է այնպիսի միջավայր ստեղծենք, որ քաղաքական նիհիլիզմն ու ատելությունը վերանա»: ՀԱԿ պատտգամավոր, օրենսդրական փոփոխությունների նախագծի հեղինակ Գագիկ Ջհանգիրյանն իր եզրափակիչ ելույթում ափսոսանք հայտնեց, որ որոշ պատգամավորներ մինչ օրս չգիտեն, որ այս նախագիծն առաջին անգամն է ԱԺ լիագումար նիստում քննարկվում. «Ամոթ է: Երիտասարդ պատգամավորների կարծիքները միշտ լսել եմ, սակայն երբ նրանք սկսում են մեծի դիքրերից խորհուրդներ տալ, դա ես չեմ ընդունում»: ԱԺ-ն ավարտեց «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի ՀԱԿ ներկայացրած նախագծի արտահերթ քննարկումը: Խմբակցությունը դեռ չի որոշել` իսկապես կդիմի՞ ՍԴ, թե ոչ: