Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արգելվում է բանակին ներքաշել ներքաղաքական խնդիրների մեջ. Գագիկ Ջհանգիրյան (տեսանյութ)

Քաղաքականություն
f36fbbef38036a0dc74a8b5360debb4d

ԱԺ-ն այսօր արտահերթության կարգով քննարկեց ՀԱԿ նախաձեռնած «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի փոփոխությունները: Այս նախագիծը Պետաիրավական հանձնաժողովում բացասական եզրակացություն էր ստացել:   Նախագծի հեղինակ, ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանն իր փաստարկներում հիմնավորում է` բանակը չի կարող օգտագործվել ներպետական հարցերի կարգավորման համար: Ի դեպ, արտակարգ դրության ժամանակ բանակի օգտագործման հնարավորությունը օրենքում ամրագրվեց 2012թ. կառավարության առաջարկով:   Գագիկ Ջհանգիրյանը նկատում է` վտանգավոր է զինված ուժերի կիրառումը ներքին խնդիրների դեպքում եւ հիշեցնում` ուկրաինական վերջին դեպքերը՝. «բանակի օգտագործումը հակասահմանադրական է: Բանակը չի ուսուցանվում ներքին զորքերի նման, թե ինչպես բնակչության հետ հարաբերություններում հասարակական կարգ պաշտպանի»:   Ի պատասխան ՀՀԿ պատգամավոր Խոսրով Հարությունյանի հարցին` Գագիկ Ջհանգիրյանը նշեց. «Ես պետական մարդ եմ ու չեմ կարծում, որ այս առաջարկությամբ ես ասում եմ, թե պետք է անպաշտպան թողնել պետական ինստիտուտները: Դրանք պաշտպանելու համար կան այլ միջոցներ` պետական պահպանության ծառայություն, ներքին զորքեր, ուժեղացնենք դրանք կամ, խնդրեմ, ստեղծենք ազգային գավարդիա, բայց բանակը ներքաղաքական հարցերում ներքաշելը հակասահմանադրական է: Հիմա` Սահմանադրությունը հարգելո՞ւ ենք, թե ոչ»:   Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական Հովհաննես Սահակյանն իր ելույթում հայտարարեց. «Կա մեկ աքսիոմատիկ ճշմարտություն` եթե մի օրենք կամ դրույթ հակասահամադրականության խնդիր ունի, ապա դրա վերջնական եզրահանգումը պետք է հնչեցնի ՍԴ-ն: Այդ մասին հանձնաժողովում էլ եմ ասել: Ի դեպ, օրենքում արդեն կան սահմանափակումներ հիմնական կռվախնձորի մեջ: Սահմանադրության մեջ նշված է նաեւ` սահմանադրական կարգի խաթարման դեպքում ՀՀ նախագահն իրավունք ունի արտակագ դրություն մտցնել ու իրավիճակից դրդված քայլեր կատարել, իսկ դա կարող է ամեն ինչ ենթադրել»:   Նրան հարց ուղղելով` «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հետաքրքրվեց, թե ինչպես նա կգնահատի 2008թ. Ռոբերտ Քոչարյանի հրամանագիրը` մտցնել արտակարգ դրություն ու այդպիսով սահմանափակել քաղաքացիների հիմնարար ազատությունները, այն է` հավաքների անցկացում ու ԶԼՄ-երի հրապարակումների սահմանափակում: «Ձեր հարցադրորւմը որեւէ կապ չունի այս նախագծի հետ: Եթե մամուլի ակումբում լինեինք, ապա այդ հարցին կկարողանայի պատասխանել»,- արձագանքեց Հովհաննես Սահակյանը: