Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մարզահամերգային համալիրը բռնազավթել են» (տեսանյութ)

Հասարակություն
2f3caa5ca1afcd48b7599f1681f3d806

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ի պատասխան ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի այն հայտարարության, որ Մարզահամերգային համալիրի անվանափոխությունը պարզապես սադրանք է, «Մարզահամերգային համալիր» ՓԲԸ-ի մամուլի պատասխանատու Կորյուն Գրիգորյանն անհամաձայնություն հայտնեց։ Բանախոսը շեշտեց, որ ինքը համոզված է, որ Արծրուն Հովհաննիսյանը գտնվում է սեղմ օղակի մեջ, և այդ հայտարարությունը նա արել է ի պաշտոնե, քանի որ այլ դիրքորոշում նա չի կարող հայտնել։ Նրա խոսքերով՝ մարզահամերգային համալիրին զորամասի կարգավիճակ շնորհելը ուղղակի աբսուրդի ժանրից է, և այդ իսկ պատճառով բանախոսը ասուլիսին ներկայացել էր զինվորական համազգեստով՝ ի նշան իրենց դժգոհության։ Կորյուն Գրիգորյանը նաև զայրույթով խոսեց մի քանի օր առաջ հրապարակված այն տեսանյութի մասին, որտեղ բանախոսներից մեկը՝ Արման Ծատուրյանը, խոսում է համալիրը ՊՆ-ի ղեկավարության տակ անցնելու փաստի մասին։ Այս կապակցությամբ Կորյուն Գրիգորյանը ընդգծում է, որ Արման Ծատուրյանը նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանի սանիկն է, բնականաբար, կողմ պետք է լիներ այդ որոշմանը, քանի որ հենց անձամբ նա է մարզահամերգային համալիրում բազմիցս կազմակերպել պետական մակարդակով մի շարք կարևորագույն միջոցառումներ, ընդհուպ մինչև նախագահի երդմնակալության արարողությունը։ Բանախոսին նաև վրդովեցրել էր այն փաստը, որ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից տրված տեղեկանքում մարզահամերգային համալիրի անվանումը վերափոխված է որպես Պաշտպանության նախարարության մարզահամալիր, ինչը Կ.Գրիգորյանի հավաստմամբ անթույլատրելի խախտում է։ Այս հարցով նրանք դիմել են նաև դատարան, քանի որ համարում են, որ որոշման մեջ առկա են մի շարք հակասահմանադրական դրույթներ ու խախտումներ։ «Մենք հենց ամենասկզբից բազմիցս ասել ենք, որ ՊՆ-ին այս ամենի մեջ ներքաշելը ունի միայն մեկ նպատակ. այն ամենը, ինչ կապված է լինելու համալիրի հետ՝ նրանց կողմից որևէ բացատրության չի արժանանալու, այլ իրենց ոճին համապատասխան հայտարարվելու է որպես զինվորական գաղտնիք։ Ես այսօր ներկայացնում եմ մի կառույց, որը բռնազավթել են,-ասաց նա և հավելեց,-Պետք է ամեն գնով կանխել պատմամշակութային արժեքը այսօր զորամասի վերածելու վտանգը»։