Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Շարմազանովը հավանում է Բախտամյանի հաղորդումը

Քաղաքականություն
cfe3714831339a665a0ea261be285687

ԱԺ-ն այսօր սկսեց քննարկումները Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի 2013թ. հաշվետվության շուրջ: Խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանը հպարտորեն ասաց, որ 2013թ. իրենց համար առանձնացավ հաղորդացանցի փոփոխությամբ` ավելացել են մանկական, երիտասարդական, ինչպես նաեւ` ազգային փոքրամասնությունների վերաբերյալ հաղորդումները: Նա չշրջանցեց նաեւ բազմասերիանոց սերիալները, որոնք միանշանակ չեն ընդունվում հասարակության կողմից. «Փոխեցինք մեր քաղաքականությունը. պատրաստեցինք 16 մասանոց հեռուստաֆիլմեր ու ներգրավեցինք ոլորտներ, որոնք դուրս էին մնացել մինչ այդ` շտապօգնություն, ԱԻՆ, գյուղ»: ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովին ոգեւորեց Ռուբեն Ջաղինյանի հաշվետվությունը. «Բոլորն էլ կասեն, որ որակապես շատ բան է փոխվել: Հատկապես լրատվական հաղորդումները բավականին դինամիկ են զարգանում: Կար հանրային պատվերի պակաս` կրթական, մշակութային, մանկական հաղորդումները: Օրինակ` Արթուր Բախտամյանի հաղորդումի նման որակյալ հաղորդումները ամենադիտվող ժամերին ցույց տվեք, ոչ թե գիշերը ժամը 1-ին, որ իմ երեխաներն էլ նայեն: Կարելի է Արցախյան հերոսամարտի մասին երկու-երեք րոպեանոց ֆիլմեր ցույց տալ «Հայլուր»-ից առաջ կամ հետո, քանի որ երեխան տեսնելով ու լսելով է սովորում: Բոլոր այս հարցերում կարող ենք նաեւ համագործակցել»: Ռուբեն Ջաղինյանը շոյվեց հաճոյախոսություններից. «Շնորհակալություն, որ այդպես հետեւում եք մեզ: Մի քանի հաղորդում բաց թողեցիք, բայց հիմնականն ասացիք: Մեր ամենադիտվող ժամերը 7-11:30 է, ու մաքսիմալ փորձում ենք այդ ժամերին հաղորդումները ցուցադրել: Արթուր Բախտամյանի հաղորդումն էլ իր տեղում է»: