Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մեծ կոռուպցիոն ռիսկեր՝ հաշմանդամության կարգ ստանալու համար (տեսանյութ)

Հասարակություն
ara-petrosyan

Հաջորդ տարվա բյուջեով նախատեսվում է ավելացնել կենսաթոշակն ու նպաստը. այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Արա Պետրոսյանը։ Մարդկանց 1 տարվա աշխատանքային ստաժը կավելացվի, իսկ նպաստառուն, ով 14 հազար դրամ է ստանում, հաջորդ տարվանից կստանա 16 հազար։ Պաշտոնյան մեր երկրի համար առաջնահերթ է համարում աղքատության հաղթահարումը։ Եթե 2008 թվականին աղքատությունը մեր երկրում կազմում էր 23 տոկոս, ապա 2012-ին՝ճգնաժամի հետևանքով, այդ թիվն ավելացավ մինչև 32,4 տոկոս։ Նախարարի տեղակալը նշում է նաև մյուս հարցերը` կանանց զբաղվածության խնդիր, ծնելիության ցածր մակարդակ, չդադարող միգրացիոն հոսք։ Առաջնայիններից է նաև հաշմանդամություն ունեցողների խնդիրը։ Մեր երկրում կա գրանցված 193 հազար հաշմանդամություն ունեցող անձ։ Նրանց՝ հասարակության մեջ ինտեգրման, աշխատանքի և այլ հարցեր դեռևս առկախ են մնում։ Արա Պետրոսյանը նշում է` կառավարության հեռանկարային զարգացման ծրագրում առաջնային է մինչև 2025 թվականը լուծել երկրում զբաղվածության խնդիրը, մյուսը՝սոցիալական պաշտպանվածությունն է։ Սոցիալական ոլորտին ուղղված միջոցները կազմում են ամբողջ բյուջեի 30 տոկոսը։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալը հայտնում է՝ հաջորդ տարի 362 մլրդ-ի փոխարեն ոլորտի բյուջեն կկազմի 367 մլրդ դրամ։ Առողջապահության ոլորտում ևս բարեփոխումներ է խոստանում։ Պաշտոնյան չի հերքում՝ այստեղ կոռուպցիոն ռիսկերը շատ են, հատկապես բժշկասոցիալական փորձաքննության ժամանակ՝ հաշմանդամության կարգ ստանալու համար։