Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գետամեջի դպրոցում աշակերտները վերարկուներով են դասի նստում

Մարզեր
Getamej-6

Շողիկ Մարգարյանը Գետամեջի միակ միջնակարգ դպրոցի ղեկավարն է արդեն 17 տարի։ Երբեմնի հարյուր իննսուներկու աշակերտից այսօր վաթսունն ունի, իսկ առաջին դասարանցիներն ընդամենը տասն են։ «Արտերկիր մեկնողները շատ են, ինչով էլ պայմանավորված է աշակերտների թվի պակասը»,-շեշտում է տնօրենը։ Դպրոցի հիմնական խնդիրները երկուսն են. ջեռուցում և վերանորոգում։ Վերջին անգամ կրթօջախը մասնակի նորոգվել է տասը տարի առաջ։ «Սուղ բյուջեն բացարձակ չի բավարարում առկա խնդիրները լուծելուն։ Ձմռանն աշակերտները դասերին նստում են վերարկուներով, քանի որ փայտի վառարանները ոչ այնքան տաքացնում են, որքան ծխաշատ մթնոլորտ ստեղծում»,-ասում է տիկին Մարգարյանը։ Անցյալ տարի յոթ շրջանավարտ են ունեցել, բոլորն էլ ընդունվել են բուհեր։ Դպրոցում մասնագետների պակաս չունեն. ուսուցիչներ կան նաև Երևանից։ «Մթնոլորտը մեզ մոտ ջերմ է, ուսուցիչներն իսկական նվիրյալներ են, քանի որ չնչին աշխատավարձով գալիս, սիրով աշխատում են»,-հպարտանում է տնօրենը։ Իսկ աշակերտները, նրա խոսքով, չափազանց ձգտող են, լավ են սովորում և չեն էլ կարող չսովորել, քանի որ դասարանները շատ փոքր են և նրանցից յուրաքանչյուրին ամեն օր դաս են հարցնում։ Շողիկ Մարգարյանը շուտով թոշակի կանցնի, տնօրենի վերջին ընտրությանն էլ չի ցանկացել մասնակցել. ասում է՝ տարիներ շարունակ ղեկավարած անձի համար նվաստացուցիչ է աշակերտի նման քննության մասնակցել և հետո սպասել՝ կանցնես, թե ոչ…Իր խոսքի վերջում նա հույս հայտնեց, որ այս հարցով կզբաղվի ոլորտի պատասխանատուն՝ Կրթության և գիտության նախարարությունը և ընդունված չափորոշիչները կվերանայվեն։ Getamej 6  Getamej 1  Getamej 2  Getamej 3  Getamej 4  Getamej 5