Ըստ Ադիբեկյանի՝ մարդիկ արդարացնում են Սուրիկ Խաչատրյանի արարքը (տեսանյութ)
Պաշտոնյաների գործունակության վերաբերյալ անցկացրած ուսումնասիրության վերջին տվյալներն է ներկայացրել սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը։ Հարցմանը մասնակցել է 4400 քաղաքացի` 82 քաղաք-գյուղերից և Երևանի 13 վարչական շրջաններից: Պարզվել է, որ բնակչության մեծամասնությունն իր խնդիրների լուծումը, աշխատանքով ապահովումն ակնկալում է նախագահից։ Հատկանշական է, որ 4400 հարցվածից 2056-ը հիշատակել է 384 գործարանի անուն և կարևոր համարել դրանց վերաբացումը: Հարցման տվյալներով`մարզերից ամենագործունակն է Շիրակը, ամենացածր բարեկեցությունը Լոռիում է: Անդրադառնալով Սուրիկ Խաչատրյանի՝ Սյունիքի մարզպետի պաշտոնում վերանշանակվելու փաստին, սոցիոլոգը նշեց, թե այդ պաշտոնյայի հանդեպ վերաբերմունքը բացասական չէ, ինչպես կարող է թվալ շատերին, և Սուրեն Խաչատրյանը երկրում շատերի համակրանքն է վայելում։ Գորիսի քաղաքապետի ընտրության ժամանակ Ադիբեկյանն առիթ է ունեցել պարզելու բնակիչների վերաբերմունքը մարզպետի հանդեպ: Նրա խոսքով`բնակչության մեծամասնությունն արդարացնում է Սուրիկ Խաչատրյանի արարքը: