Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Սուրիկ Խաչատրյանին հարցրեք՝ նույն ջուրը ինչպես է երկրորդ անգամ մտնում» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
safaryan-yura_1378199045

Սյունիքում վերջին օրերին ենթադրում էին, որ Սուրիկ Խաչատրյանը կնշանակվի մարզպետի պաշտոնում, բայց իրենց կանխատեսումը համարում էին 50 տոկոսանոց։ « Կառավարության կողմից Սուրիկ Խաչատրյանի վերանշանակումը ընդունելի չէ»,-«Ա1+»-ի հետ զրույցում ասաց  Գորիսի պետական համալսարանի ռեկտոր Յուրի Սաֆարյանը։ Ըստ նրա՝ այդ նշանակումը ընդունելի չէ նաեւ «իր շրջապատի նորմալ մարդկանց համար»։ Պարոն Սաֆարյանը  հայտնի ճշմարտությունն է հիշեցնում, թե նույն ջուրը երկու անգամ չեն մտնում։ Բայց ինչպե՞ս է Սուրիկ Խաչատրյանը մտնում՝ այդ նա չի հասկանում։ Խորհուրդ է տալիս հարցնել Սուրիկ Խաչատրյանին։ Նաեւ նրանից է խորհուրդ տալիս, իմանալ՝ ինչ ծառայություններ է մատուցել իշխանություններին, որ հայտնի սկանդալից մեկ տարի անց կրկին նշանակվեց նույն պաշտոնում։ Յուրի Սաֆարյանը մի բանում միայն թե վստահ է՝ լավ չի լինելու, այս նշանակմամբ մարզը 20 տարով հետ գնաց։ «Դե, բնական է, փորձելու են վերականգնել վախի մթնոլորտը»,- ասաց նա։ Իսկ արդյո՞ք այն նախորդ մարզպետի՝ Վահե Հակոբյանի կարճաժամկետ պաշտոնավարման օրոք արդեն վերացել էր. «Մարդիկ ավելի ապահով էին զգում իրենց բիզնեսն իրականացնելիս, բայց ժամանակը շատ կարճ էր»։ Ի դեպ, անկախ նրանից՝ Սուրիկ Խաչատրյանը Սյունիքի մարզպետ էր, թե ոչ, նրա բիզնեսները շարունակել են ծաղկել. «Ո՞վ կարող էր նրան ինչ-որ բան ասել»։ Հիշեցնենք, որ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը հրաժարական  տվեց հանրության ճնշման տակ՝  իր տան մոտ տեղի ունեցած արյունոտ միջադեպից հետո։ 2013թ. հունիսի 2-ի լույս գիշերը  Սուրիկ Խաչատրյանի տան մոտ կրակոցներ են հնչել, որոնց հետևանքով զոհվել էր Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Ավետիք Բուդաղյանը, իսկ նրա եղբայրը՝ Արտակ Բուդաղյանը, որը ԼՂՀ զորամասերից մեկի հրամանատարն է, հրազենային վիրավորում է ստացել: Այս գործով դատավարությունը դեռ շարունակվում է։