«Հանրապետականն այս ընդդիմության հետ շատ լավ է զգում» (տեսանյութ)
Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը համոզված է, որ «քառյակ» ասվածը, որպես այդպիսին, երբեք գոյություն չի ունեցել, եղել են պարզապես տարբեր խմբակցություններ, որոնք ինչ-ինչ հարցերի շուրջ եկել են ընդհանուր հայտարարի և այդ հարցերի շուրջ համագործակցել են միասնաբար: Ըստ նրա` այսօր Հայաստանի գերխնդիրն այն է, որ ոչ թե համախմբի ընդդիմությանը,այլ ստեղծի ընդդիմություն: Խոսելով նաև հոկտեմբերի 10-ին նախատեսված հանրահավաքի մասին՝ քաղաքագետը նշում է, որ դա ընդդիմության գործառույթն է` ժամանակ առ ժամանակ հանրահավաքներ անել կամ այս ու այն խնդրի վերաբերյալ հանրապետականներին դեմ արտահայտվել: «Թեժ աշուն է լինելու, մենք այս ենք անելու, այն ենք անելու, դա պարզապես միջոց է ընդդիմության գոյությունը հիմնավորելու համար, և դա նորմալ է, բայց ինչ վերաբերում է այդ հանրահավաքից լուրջ ակնկալիքներ ունենալուն կամ որ դրանից հետո արմատական փոփոխություններ են սպասվելու երկրում, ես այդ դիտարկմանը վերապահումներով եմ վերաբերվում»,-շեշտեց Ալեքսանդր Իսկանդարյանը: Վերջինս նաև կարծում է, որ այսօր ընդդիմությունը հանրապետականների համար որևէ լուրջ վտանգ չի ներկայացնում ,այլ հակառակը` հանրապետականները նման ընդդիմության հետ իրենց շատ լավ են զգում: Քաղաքագետը չի կարծում նաև, որ հանրահավաքից հետո երկրում իշխանափոխություն է տեղի ունենալու: «Ա1+»-ի լրագրողի դիտարկմանը, թե հնարավո՞ր է արդյոք, որ բանակցությունների ընթացքում այնպիսի լուրջ խոչընդոտ ծագի, որ այս անգամ ևս հետաձգվի ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը, քաղաքագետը նշեց. «Ես չեմ կարող միանգամայն բացառել, որ անդամակցության վերջնաժամկետը կլինի հոկտեմբերի 10-ը, բայց հավանականությունը, որ այնուամենայնիվ մի օր Հայաստանը կստորագրի այդ փաստաթուղթը, 50 տոկոսից ավելի է, և դա այն պարզ պատճառով, որ Ռուսաստանն է կողմ արտահայտվում դրան, իսկ Ռուսաստանը ՄՄ-ի եռյակում առաջատար գործընկերն է և իր հնարավորությունների սահմաններում է ներազդել Բելառուսի և Ղազախստանի վրա»: