Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սենատոր. «Հայաստանը չի կարող Թուրքիայից հող ուզել» (տեսանյութ)

Քաղաքականություն
varuzhan-voskanyan

Թուրքիայից տարածքային պահանջներ ներկայացնելու դեպքում Հայաստանի համար շատ դժվար է լինելու։ Ռումինիայի Ստորին Պալատի անդամ, արձակագիր Վարուժան Ոսկանյանի կարծիքն է. «Մանավանդ որ, այն ատեն պետականություն չէին, որպեսզի պետականությունը պահանջեն։ Երեւանը չի կըրնա պահանջել Էրզրումը»։ Կարող ենք հասկանալ, երբ Կիլիկիո կաթողիկոսը պահանջում է Սիսի եկեղեցական կալվածքները, բայց Հայաստանը պետք է ձեւեր գտնի պետական պահանջները ձեւակերպելու. «Ո՞ր պետությունը պետք է պահանջե հողերը ետ, Հայաստանի Հանրապետությունը կամ Արցախը չեն կըրնար ընել»։ Ըստ ռումինահայ սենատորի, հողերի պահանջը պետական պահանջ է, Հայաստանը դրա հետ գործ չունի, բայց գույքային եւ սեփականության այլ պահանջներ կարող է ներկայացնել Սփյուռքը եւ հայ եկեղեցին. «Հայ եկեղեցին կըրնա պահանջել եկեղեցիները եւ գերեզմանատները, կըրնա պահանջել հայ համայնքը իր հող, հայերը կըրնան պահանջել դպրոցները»։ Հայաստանը սփյուռքահայ սենատորի կարծիքով, պետական մակարդակով կարող է ցեղասպանության ճանաչում պահանջել, բայց այստեղ էլ նրա եւ ամբողջ աշխարհի պահանջներից ոչինչ կախված չէ. «Ցեղասպանության ճանաչումը միջազգային հարց չէ, Թուրքիո ներքին հարցն է, Թուրքիան եթե ժողովրդավար չըլլա, չպիտի ճանչընա»։ Թուրքիան, իհարկե, ըստ ռումինահայ սենատորի, ի վերջո ճանաչելու է հայերի ցեղասպանությունը։ Ռումինիայի էկոնոմիկայի նախկին նախարարը կողմ է հայ-թուրքական հարաբերություններին առանց նախապայմանների։ Դեմ է, երբ սփյուռքում ապրող հայերը խառնվում են Հայաստանի ներքաղաքական հարցերին։ Այլ բան, եթե Հայաստանի խորհրդարանը դառնա երկպալատանի, ինչպես Ռումինիայում է. «Բայց չեմ կարծեր, որ սփյուռքը դեռ պատրաստ է»։ Ի դեպ, Ռումինիան այն երկրներից է, որը չի ճանաչել հայերի ցեղասպանությունը։ Ըստ սենատորի՝ Ռումինիան չի կարող նեղացնել նրանց։ Սակայն ոչնչով չեն խոչընդոտի, եթե Չաուշեսկուի հայրենիքում յուրաքանչյուրը խոսի կամ գրքեր գրի ցեղասպանության մասին։ Կարող են նույնիսկ ֆինանսավորել այդ գիրքը. «Օրինակ, այս գիրքը՝ «Շշուկներու մատյանը» ռոմաներենով լույս տեսավ եւ Ռոմանիո պետությունը օժանդակեց, որ թարգմանվի աշխարհի չորս անկյուններուն»։