Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կխթանվի ՀՀ-ից արտահանումը. ՄԱԿ-ի ծրագիրը ֆինանսավորում է ՌԴ-ն (տեսանյութ)

Տնտեսություն
_Yn6NEC3FMk

ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպությունը (UNIDO) սկսել է «Հայաստանի արտահանման ուղղվածություն ունեցող արդյունաբերական ճյուղերի մրցունակության բարձրացում արդիականացման և շուկան մատչելի դարձնելու միջոցով» ծրագրի իրականացումը, որը ֆինանսավորվում է Ռուսաստանի Դաշնության կողմից: Ինչպես «Ա1+»-ի լրագրողի հետ զրույցում նշեց Հայաստանում UNIDO ծրագրի ղեկավար Անահիտ Սիմոնյանը` վերոնշյալ ծրագրի նպատակն է ապահովել տեքստիլի և հագուստի արտադրության արտահանման աճը, ինչպես նաև ծրագիրը նախատեսում է տեխնիկական հնարավորությունների բարելավում, դիզայնի և մոդելավորման նորարական մոտեցումների կիրառում և այլն, իսկ ծրագրի իրականացման համար Ռուսաստանից տրամադրվել է մեկ միլիոն դոլար: Անահիտ Սիմոնյանը նաև շեշտեց, որ ծրագիրը նպատակ ունի պահպանել և մեծացնել տեքստիլի և հագուստի արտադրության տեղական ձեռնարկությունների մանսաբաժինը ներքին շուկայում և նպաստել տարածաշրջանային և միջազգային շուկաներում Հայաստանի արդյունավետ ինտեգրմանը: Ծրագիրը մասնավորապես օգնելու է ՓՄՁ-ներին զարգացնելու և արդիականացնելու իրենց տեխնիկական կարողությունները ` որակյալ և բարձրարժեք դիզայնով հայկական արտադրանք շուկա հանելու համար: ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանն էլ իր հերթին նկատեց, որ սույն ծրագրի շրջանակներում Հայաստանը կկարողանա վերականգնել իր դիրքերը միջազգային ասպարեզում: «Ակնկալում ենք, որ տարածաշրջանում առևտրային ձեռնարկությունների և տեխնիկական աջակցության հաստատությունների միջև գործնական համագործակցության և միջկառույցային կապերը կնպաստեն ոլորտի զարգացմանը»,-ասաց նա : Այս ծրագիրը տեքստիլի և հագուստի արտադրության ոլորտի զարգացմանն ուղղված UNIDO-ի կողմից Հայաստանում իրականացվող առաջին ծրագիրն է :