Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ա1+»-ի ԼՐԱԳՐՈՂՈՒՀԻՆ ԼԱՎԱԳՈՒՅՆՆ Է

Սպորտ

Այսօր «Արենա» բոուլինգ ակումբում կայացավ արմռեսլինգի (բազկամարտ) Հայաստանի առաջնությունը լրագրողների միջեւ: «Միր սպորտա» ամսագրի կողմից կազմակերպված մրցաշարին ներկա էին նաեւ արմռեսլինգի աշխարհի եւ եվրոպայի մրցանակիրներ, ինչպես նաեւ Հայաստանի արմռեսլինգի ֆեդերացիայի նախագահ Արսեն Գաբրիելյան:

Վերջինս մինչ առաջնության սկսվելը նշեց, որ այս մարզաձեւը սկսել է առաջընթաց ապրել Հայաստանում, եւ մասնակիցների քանակը գնալով ընդլայնվում է: Ներկայումս արմռեսլինգում պրոֆեսիոնալ մարզիկների թիվը Հայաստանում անցնում է 300-ից, որոնցից Վազգեն Սոգոյանը անցած տարի Տոկիոյում դարձել է աշխարհի չեմպիոն, իսկ մինչ այդ` նաեւ Եվրոպայի չեմպիոն:

Իսկ լրագրողների միջեւ Հայաստանի անդրանիկ առաջնությունը կայացավ տղամարդկանց, ինչպես նաեւ կանանց միջեւ: Կանանց պայքարում չեմպիոն դարձավ «Ա1+»-ի լրագրողուհի Վիկտորիա Աբրահամյանը` եզրափակիչում առավելության հասնելով «Արմենպրես»-ի ներկայացուցչի նկատմամբ:

Այս տարի լրագրողների միջեւ եւս 2 առաջնություն է անցկացվելու, իսկ տարեվերջում կայանալու է նաեւ եզրափակիչ առաջնությունը, որում հանդես են գալու վերը նշված 3 առաջնություններում առավել աչքի ընկածները:

Ի դեպ, առաջիկայում «Միր սպորտա»-ն կազմակերպելու է նաեւ այլ մարզական միջոցառումներ լրագրողների մասնակցությամբ տարբեր մարզաձեւերում: