Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Որսորդները վաճառում են էգ գայլերի սեռական օրգանները. դրանցից թալիսման են պատրաստում (տեսանյութ)

Հասարակություն
337828ae0fe51b17c54b79a752fce515

«Էկոլոգիական հասարակական դաշինք» ՀԿ համակարգող, բնապահպան Սիլվա Ադամյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտնեց, որ Կառավարության որոշմամբ 20 միլիոն դրամ է հատկացվել գայլերի ոչնչացման համար։ Վերջինիս խոսքով՝ կան բազմաթիվ միջոցներ գայլերի դեմ պայքարելու համար, սակայն այդ որսը պետք է լինի հիմնավորված, իսկ այն սպանդը, որը այժմ իրականացվում է գայլերի դեմ, պարզապես անթույլատրելի է, քանի որ դա հանգեցնելու է մեր տարածաշրջանում այդ տեսակի գիշատիչների անվերադարձ կորստին։ «Այնպիսի անկանոն մեթոդներով, որոնք այժմ կիրառվում են գայլերին որսալու համար, բարբարոսություն է,-համոզված է բնապահպանը։-Շատ հաճախ որսորդները գայլերին որսում են նախատեսված քանակից ավել»։ «Էգ գայլերի սեռական օրգանները չափազանց թանկ արժեն այսօր, որսորդները դա իմանալով՝ միտումնավոր որսում են հենց էգ գայլերին և նրանց օրգանները վաճառում են սև մոգությամբ զբաղվողներին, ովքեր որ դրանցից զանազան թալիսմաններ և այլ տեսակի բաներ են պատրաստում ու վաճառում շատ թանկ գներով՝ սկսած երկու –երեք հազար դոլարից»,-ասաց Ս. Ադամյանը։ Վերջինս նաև նշում է, որ շատ կարևոր է անցկացնել մշտադիտարկումներ, լուրջ գիտական հետազոտություններ գայլերի ապրելակերպի և նրանց կենսամիջավայրի ուսումնասիրման շուրջ, իսկ նմանատիպ հետազոտություններ փորձագետի խոսքերով վերջին անգամ կատարվել են ավելի քան 15 տարի առաջ։ «Ես դեմ չեմ, որ կառավարությունը փորձում է օգնել գյուղացիներին, և նրանց զինում է կամ գումար է տրամադրում գայլերի դեմ պայքարի համար, բնականաբար գյուղացիները պետք է պաշտպանեն իրենց տնտեսությունը, սակայն միայն այն դեպքերում, երբ վտանգ է սպառնում իրենց անասնագլխաքանակին, քանի որ եթե գայլը հարձակվում է մարդկանց կամ անասունների վրա, ապա դա իրենց բնական կենսամիջավայրը կորցնելու պատճառով է»,- ասում է բնապահպանը։