Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մեդալներ և շքանշաններ՝ ակնառու նվաճումների հասած անձանց

Պաշտոնական
5743_b

Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրերով, Հայաստանի Հանրապետության անկախության 23-րդ տարեդարձի կապակցությամբ` գիտության, տնտեսության, առողջապահության, մշակույթի ոլորտների, ինչպես նաև սփյուռքի մի խումբ ներկայացուցիչներ, դատական համակարգի, Հայոց բանակի, ՀՀ ազգային անվտանգության ծառայության և ոստիկանության համակարգի զինծառայողներ պարգևատրվել են պետական բարձրագույն պարգևներով, շնորհվել են նաև պատվավոր կոչումներ: Տարբեր բնագավառներում ակնառու նվաճումների և հաջողությունների հասած հիշյալ անձանց Սերժ Սարգսյանն այսօր Նախագահի նստավայրում տեղի ունեցած պարգևատրման արարողության ժամանակ հանձնել է պարգևները, որոնց թվում առաջին անգամ եղել են նաև «ՀՀ պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» ՀՀ նոր օրենքով սահմանված մեդալներն ու շքանշանները: Մինչ այժմ սահմանված պետական բարձր պարգևներին ավելացել են Երախտագիտության մեդալը, «Աշխատանքային վաստակի համար» մեդալը, Ծնողական փառքի մեդալը, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանը և Բարեկամության շքանշանը: Սերժ Սարգսյանը շնորհավորել է բոլոր պարգևատրվածներին տոնի և պետական բարձր պարգևներին արժանանալու կապակցությամբ, մաղթել հաջողություններ 8202_b 8203_b 8204_b 8205_b 8206_b 8207_b 8208_b 8209_b 8211_b 8212_b 8213_b 8214_b 8215_b 8216_b 8219_b 8220_b 8221_b    Սերժ Սարգսյանի խոսքը պարգևատրման արարողության ժամանակ Հարգելի՛ պարգևատրվածներ, Տիկնա՛յք և պարոնա՛յք, Շնորհավորում եմ ձեզ Անկախության տոնի կապակցությամբ, նաև շնորհավորում եմ բոլորին, ովքեր արժանացել են հայրենիքի բարձր պարգևներին: Ի դեպ, այս տարի մենք առաջին անգամ հանձնում ենք նոր մեդալներ ու շքանշաններ, որ նախկինում չեն եղել, ինչպես օրինակ «Երախտագիտություն», «Ծնողական փառք» և այլ պարգևներ: Այսպիսով մենք փորձելու ենք արժանին մատուցել բոլորին, փորձելու ենք անել այնպես, որ ստվերում չմնա խրախուսանքի և երախտագիտության արժանի որևէ գործ կամ քաղաքացի: Հարգելի՛ ներկաներ, Ինձ համար, կարծում եմ, նաև բոլորիս համար առանձնահատուկ կարևոր ու թանկ են այն զինվորներն ու սպաները, որոնք կանգնած են Հայաստանի և Արցախի սահմաններին: Բայց հատկապես խրախուսանքի ու երախտագիտության են արժանի նրանք, ովքեր փորձության պահին իրենց դրսևորեցին որպես հայրենիքի իսկական պաշտպաններ ու նվիրյալներ: Մենք շատ լավ հիշում ենք վերջին լրջագույն իրադարձությունը շփման գծում, որտեղ մեր զինվորականները, ինչու չէ, նաև մեր ողջ հասարակությունը փայլուն քննություն բռնեցին: Նրանք այս սրահում են և ստացել են իրենց պարգևները: Այսօր մեզ հետ են նաև հունահռոմեական ըմբշամարտի մեր երկու դյուցազունները, ովքեր Տաշքենդում նվաճեցին աշխարհի չեմպիոնի կոչումը և ում պատվին հնչեց մեր օրհներգը: Այս երկու ոսկին որքան սպասված, նույնքան էլ փառահեղ էր: Շնորհավորում եմ մեր մարզիկներին, մարզիչներին և բոլոր նրանց, ովքեր տարիներ շարունակ քրտնաջան աշխատանքով մոտեցրել են այս հաղթանակը: Իհարկե, այսպիսի պաշտոնական արարողությունների ժամանակ ընդունված չէ ցանկություն հայտնել, բայց ես վստահ եմ, որ մեր երկու չեմպիոնները դառնալու են օլիմպիական չեմպիոններ: Հարգելի՛ ներկաներ, Անկախության տոնը լավ առիթ է մեզ համար մեծարելու բոլոր նրանց, ովքեր իրենց գործով և կյանքով մարմնավորում են մեր երկիրն ու հասարակությունը, ովքեր իրենց գործով և կյանքով ապահովում են պետության և հասարակության առաջընթացը: Նման մարդկանցով ենք մենք դառնում ավելի ուժեղ, ավելի ինքնավստահ: Նման մարդկանց օրինակի վրա հենվելո՛վ է, որ ամրապնդվում է մեր հավատը երկրի ու ժողովրդի ապագայի նկատմամբ: Մեր պարտքն է առանձնացնել նրանց և ի ցույց դնել նրանց օրինակը հատկապես երիտասարդ սերնդի համար: Սիրելի՛ պարգևատրվածներ, Կրկին շնորհավորում եմ ձեզ և մաղթում առողջություն, անձնական երջանկություն և ամենակարևորը` որ դուք շարունակեք ձեր գործը՝ արձանագրելով ավելի մեծ հաջողություններ, որ դուք շարունակեք ձեր կյանքով ու աշխատանքով օրինակ լինել մյուսների համար, որ ձեզնով չափեն մյուսների արածն ու չարածը: Շնորհակալ եմ: Մեկ անգամ ևս շնորհավորում եմ ձեզ: