Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քահանայական ձեռնադրություն՝ Էջմիածնում

Հասարակություն
391bd1d8783413dcdf62cecdd5b61708

Սեպտեմբերի 21-ին Մայր Աթոռ Ս. Էջմիածնում կատարուեց քահանայական ձեռնադրութիւն: Մայր Տաճարում մատուցուած սուրբ եւ անմահ Պատարագի ընթացքում ձեռամբ Աւստրալիայի եւ Նոր Զելանդիայի հայոց թեմի առաջնորդ, Հնդկաստանի եւ Ծայրագոյն Արեւելքի հայրապետական պատուիրակ Տ. Հայկազուն եպիսկոպոս Նաջարեանի քահանայական ձեռնադրութիւն եւ օծում ստացան Գեւորգեան հոգեւոր ճեմարանի ինը եւ Քահանայից պատրաստման լսարանի չորս շրջանաւարտ սարկաւագներ: Արարողութեանը Հայկազուն Սրբազանը քահանայութեան կոչեց նորընծաներին եւ Սրբալոյս Միւռոնով օծելով բոլորի ճակատներն ու ձեռքերը` նրանց շնորհեց նոր հոգեւոր անուններ: Գեւորգ սրկ. Ալաւերդեանը վերակոչուեց Տ. Նշան քահանայ, Սամուէլ սրկ. Յարութիւնեանը` Տ. Խաչեր քահանայ, Գառնիկ սրկ. Շահինեանը` Տ. Շնորհք քահանայ, Վարդան սրկ. Յունանեանը` Տ. Տարօն քահանայ, Վրէժ սրկ. Միքայէլեանը` Տ. Պօղոս քահանայ, Յարութիւն սրկ. Մաթեւոսեանը` Տ. Կորիւն քահանայ, Դաւիթ սրկ. Հմայակեանը` Տ. Մամբրէ քահանայ, Արտակ սրկ. Թորոսեանը` Տ. Ղազար քահանայ, Տիգրան սրկ. Ինջիղուլեանը` Տ. Տաճատ քահանայ, Արթուր սրկ. Արշակեանը` Տ. Ներսէս քահանայ, Գեղամ սրկ. Յովհաննիսեանը` Տ. Սարգիս քահանայ, Գրիգոր սրկ. Թօփաշեանը` Տ. Ղեւոնդ քահանայ, Դաւիթ սրկ. Աբրահամեանը` Տ. Սմբատ քահանայ: Ձեռնադրութեան արարողութեան աւարտին քահանաներն իրենց անդրանիկ օրհնութիւնը բաշխեցին ներկաներին: Այնուհետեւ ձեռնադրող Հայկազուն Սրբազանն իր շնորհակալութիւնն ու երախտագիտութիւնը յայտնեց Ամենայն Հայոց Կաթողիկոսին` իրեն հնարաւորութիւն ընձեռելու համար կատարելու իր անդրանիկ քահանայական ձեռնադրութիւնը: Սրբազանն իր շնորհաւորանքներն ու պատգամը ուղղեց նաեւ իր հոգեւոր զաւակներին` նորընծայ քահանայ հայրերին` անդրադառնալով նրանց նոր անուններով օժտելու փաստին: «Դուք ունէիք աշխարհիկ անուններ, որոնք ձեր ծնողները սիրով ձեզ էին տուել, սակայն այսօր, երբ Սուրբ Հոգին իջնում է ամէնքիդ վրայ, դուք նոր մարդ եւ նոր արարած էք դառնում, ուստի ձեզ նորանոր անուններ են շնորհւում: …Քանի տարիներ էլ, որ սովորած լինէք ճեմարաններում, այսօր ձեր իմացական կարողութեան վրայ աւելանում է Ս. Հոգու ազդեցութիւնը, եւ ձեր նուիրումը կատարեալ եւ բացարձակ է դառնում Աստծոյ Ս. Խորանի եւ մեր Ս. Եկեղեցու հանդէպ: Հետեւաբար, դուք էք այս կառոյցի` Եկեղեցու, լրումն ու ամբողջութիւնը…», - ասաց Սրբազան Հայրը: Հայկազուն Սրբազանը խօսեց նաեւ քահանայութեան աստուածատուր խորհրդի մասին. «Քահանայական կեանքը, սիրելիներ, սովորական պաշտօն չէ, սովորական գործի տեսակ չէ, որ մէկը միւսով փոխարինէք, քահանայական կեանքն անմնացորդ նուիրումն է: Մեր ժողովուրդը կարիք ունի նուիրեալ, համեստ եկեղեցականների, որոնք իրենց պիտի արթնացնեն հոգեւոր խաւարից եւ քնի թմբիրից: Երբ մարդիկ թմրում են եւ ծուլանում, սատանան ու չարը գալիս է եւ յափշտակում նրանց: Դուք վերջին պատնէշն էք, այն վերջին զինուորը, որ արթուն եւ պահապան է մնում, իսկ պահապանի պարտականութիւնը, ո՞րն է, եթէ ոչ յայտարարել թշնամու գալուստը եւ արթնացնել քնած զինուորներին, որպէսզի կարողանան դիմագրաւել եւ վանել թշնամուն: Մեր Հայաստանեայց Եկեղեցին սուրբերի, նահատակների, ճգնաւորների, նուիրեալների ամբողջ վերջնականութիւն է, որի ծայրը երեւում է, սակայն վերջը չի նկատւում: Դուք գալիս էք միանալու այդ գեղեցիկ փաղանգին»: Սրբազանը յորդորեց տասներեք նորաօծ քահանաներին ամբողջանուէր ծառայութեամբ յագեցնել հաւատաւոր ժողովրդի հոգեւոր քաղցը եւ իրենց հայեացքը սեւեռելով մեր ժողովրդի հերոսական անցեալին, պատմութեան լաւագոյն օրինակներին` իրենց օծուած սուրբ աջերով բարի սերմեր սերմանել: Քարոզի աւարտին Մայր Աթոռի միաբանները բարձրացան Ս. Խորան եւ համբուրելով նորաօծների միւռոնաբոյր ճակատներն ու ձեռքերը` նրանցից ստացան առաջին «Ողջոյն»-ը: Նորընծայ քահանաները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կ'անցկացնեն քառասնօրեայ պատրաստութեան եւ աղօթքի շրջան, որից յետոյ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից ծառայութեան կը կոչուեն Հայ Եկեղեցու տարբեր թեմերում եւ կառոյցներում: Հաւարտ Սուրբ Պատարագի, ՀՀ անկախութեան 23-րդ տարեդարձի առիթով Մայր Տաճարում, հանդիսապետութեամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցաւ Հանրապետական մաղթանքի արարողութիւն: Եկեղեցականաց դասը, այս օրերին Մայր Աթոռում գումարուած Եկեղեցական-ներկայացուցչական ժողովի մասնակիցները եւ ուխտաւոր հայորդիներն աղօթեցին անկախ Հայրենիքի անսասանութեան, պայծառութեան ու բարօրութեան համար: