Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Առաջարկեցին ստեղծել Ազգային մարմին՝ անկայուն իրավիճակների համար

Պաշտոնական
siria1

Սեպտեմբերի 20-ին «Հայաստան-Սփյուռք» համահայկական հինգերորդ համաժողովը շարունակեց իր աշխատանքները չորս թեմատիկ նիստերով: Սիրիահայ համայնքի հիմնախնդիրներին նվիրված թեմատիկ երկրորդ նիստում քննարկվեցին պատերազմի հետևանքով Լիբանան և Հայաստան տեղափոխված սիրիահայերի հիմնախնդիրները, Հայաստանում պետական պատկան մարմինների, ինչպես նաև համահայկական ու բարեգործական կազմակերպությունների ներկայացուցիչները ներկայացրին Հայաստանում սիրիահայերի աջակցության ծրագրերը, վերհանվեցին հիմնական խնդիրներն ու դրանց լուծման հնարավոր մեխանիզմները: Անդրադարձան նաև վտանգված այլ համայնքների՝ Իրաքի, Եգիպտոսի հիմնախնդիրներին: Նստավար Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Բերիո Հայոց թեմի առաջնորդ, բարձրաշնորհ տեր Շահան արքեպիսկոպոս Սարգիսյանը նիստը սկսեց Տերունական աղոթքով: Շնորհակալություն հայտնելով ՀՀ սփյուռքի նախարարությանը համաժողովը կազմակերպելու համար՝ Կահիրեի թեմական ժողովի անդամ, ՀՅԴ անդամ, «Լուսաբեր» մշակութային ընկերակցության ատենապետ Սուրեն Բայրամյանը ներկայացրեց «Իրավիճակը Եգիպտոսում»: Զուգահեռներ անցկացնելով սիրիական դեպքերի հետ՝ զեկուցողը մասնավորապես նշեց, որ քաղաքական զարգացումների պատճատով այսօր համայնքի կարևորագույն մտահոգությունը անորոշությունն է: Եգիպտոսի 45-50 հազարանոց համայնքից 5 հազար մարդ է մնացել: Իրաքահայ հասարակական գործիչ Պարույր Հակոբյանը ներկայացրեց իրավիճակը Իրաքում, որտեղ մնացել է ընդամենը 10 հազար մարդ, հիմնականում Բաղդադ և Բասրա քաղաքներում: Նշելով հոգևոր և համահայկական կառույցների, հայոց պետության աջակցության մասին՝ զեկուցողը մասնավորապես նշեց. «Միասնաբար պետք է մտածենք, թե ինչպես կարելի է ապահովել Միջին Արևելքի համայնքներից արտագաղթածների հայ մնալը: «Հալեպ» հասարակական կազմակերպության գործունեությունը ներկայացրեց Ծովիկ Մակարյան-Բայթարյանը: Կազմակերպությունը Հայաստանում գրանցվել է մեկ տարի առաջ, և նպատակն է նյութաբարոյական աջակցություն ցուցաբերել սիրիահայերին, բնակարաններ տրամադրել և կասեցնել Հայաստանից սիրիահայերի արտագաղթը, որ Սիրիայում խաղաղություն հաստատվելուց հետո կարողանան վերադառնալ Սիրիա և մասնակցել համայնքի վերակառուցմանը: Հայաստանում բնակվող սիրիահայերի աջակցության նպատակով իրականացված աշխատանքների վերաբերյալ զեկուցումով հանդես եկավ «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Լենա Հալաճյանը: Զեկուցողը կարևորեց սիրիահայերի համար կառուցվող «Նոր Հալեպ» թաղամասի կառուցումը: Սկսելով քննարկումը և մտքերի փոխանակությունը՝ նիստավար Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Բերիո Հայոց թեմի առաջնորդ, բարձրաշնորհ տեր Շահան արքեպիսկոպոս Սարգիսյանը շնորհակալություն հայտնեց բոլոր կազմակերպություններին, կառույցներին ու անհատ բարերարներին, և մասնավորապես նշեց. «Այսօր ամենակարևոր երևույթը միասնականությունն է: Պետք է նոր մոտեցումով մարմին ստեղծել, որի նպատակը սիրիահայերի գոյատևումն է Հայաստանում և այլ երկրներում: Քննարկման արդյունքում նիստի մասնակիցները առաջարկեցին ստեղծել Ազգային մարմին՝ ՀՀ պետական պաշտոնյաների, հոգևոր կառույցների, համահայկական կազմակերպությունների ղեկավարների մասնակցությամբ, որը կաջակցի քաղաքական անկայուն իրավիճակներում գտնվող երկրների հայ համայնքներին, կորոշի առաջնահերթությունները և կմշակի արագ արձագանքման ռազմավարությունն ու կիրականացնի կազմակերպչական աշխատանքները: