Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Սուրիկ Խաչատրյանի որդին իշխանությունների մասնիկն է, իսկ Շանթի որդին պայքարում է նրանց դեմ»

Քաղաքականություն
shahen-harutyunyan

«Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանին, նրա որդուն եւ ընկերներին պետք է անհապաղ ազատ արձակել. համոզված է «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» հասարակական կազմակերպության նախագահ, իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը. «Հակառակ դեպքում լինելու է հերթական քաղբանտարկյալների առկայությունը, իսկ Շահեն Հարությունյանն առհասարակ իշխանությունների զոհը»,- «Ա1+»-ին ասաց իրավապաշտպանը։ Նրա խոսքերով՝ գործն ամբողջությամբ անհանգստացնող է։ Ժաննա Ալեքսանյանը նույնիսկ չի ցանկանում զուգահեռներ տանել Շանթ Հարությունյանի գործի եւ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած կրակոցների գործի միջեւ։ Բայց, այնուամենայնիվ, նշում է . «Շանթը, նրա որդին եւ ընկերները շատ մաքուր են այսպիսի կրիմինալ դեպքի հետ համեմատելու համար։ Տեսնում ենք՝ ինչ է անում իշխանությունը. մի դեպքում ազատ է արձակում, թողտվություն է, մյուս դեպքում մարդիկ, որոնք իրենց կարծիքն են հայտնել, նրանց 5-ից մինչեւ 8 ու կես տարով պահելու են բանտերում»,- նշեց տիկին Ալեքսանյանը։ Հիշեցնենք, որ անցյալ տարվա հունիսի մեկին Սյունիքի նախկին մարզպետի տան մոտ տեղի ունեցած կրակոցներից 43-ամյա գործարար Ավետիք Բուդաղյանը սպանվեց, նրա եղբայրը՝ Արտակ Բուդաղյանը, ծանր վիրավորվեց։ Սուրիկ Խաչատրյանի որդին՝ Տիգրան Խաչատրյանը, ձերբակալվել էր, իսկ այնուհետեւ ազատ արձակվել։ Հելսինկյան ասոցիացիայի նախագահ, իրավապաշտպան Միքայել Դանիելյանն էլ հիշեցնում է, որ անչափահաս Շահեն Հարությունյանը պայքարում է իր եւ մեր բոլորի ազատության ու ապագայի համար։ «Իսկ Սուրիկ Խաչատրյանի որդին չի պայքարում այս իշխանությունների դեմ, նա այդ մեխանիզմի մի մասնիկն է, որի դեմ պայքարում է Շանթի տղան։ Սուրիկ Խաչատրյանի տղան նույն այս իշխանությունն է»,- «Ա1+»-ին ասաց նա։ Հելսինկյան Ասոցիացիայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցն ավելացնում է՝ երեխայի միջոցով փորձում են ճնշում գործադրել Շանթի եւ նրա ընկերների վրա։ «Սուրիկ Խաչատրյանը եւ նրա որդին, ըստ էության, հանդիսանում են ռեժիմի կրողը, իսկ մարդիկ, որոնք ընդվզում են դրա դեմ, նրանց նկատմամբ կիրառվում է ամբողջ իրավական համակարգը, սա խոսում է այն մասին, որ ռեժիմն ինքնին արդեն հանցագործ բնույթ ունի»,- «Ա1+»-ին ասաց նա։ Իսկ թե այս գործով ինչ վճիռ կկայացնի դատարանը, իրավապաշտպանները համոզված են՝ դա կախված է նրանից, թե ինչ ցուցում դատավորը կստանա։