Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ոստիկանությունը պարզաբանում է Նախախորհրդարանի հայտարարությունը

Հասարակություն
e6ead4d288f6dd5dc07a4f4e3b6b599e

Օրեր առաջ Նախախորհրդարանը տեղեկատվություն էր տարածել, թե իբր ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողը 2014 թ. սեպտեմբերի 11-ին ներխուժել է շուրջ երկու շաբաթ առաջ` օգոստոսի 30-ին մահացած ազատամարտիկ Գառնիկ Խչեյանի բնակարան` նրան բերման ենթարկելու նպատակով, և ոստիկանության ծառայողի պահվածքն ահաբեկել և վիրավորել է Գ. Խչեյանի աղջկան: Տեղեկատվության առնչությամբ ոստիկանությունում նշանակված ծառայողական քննությամբ պարզվել է հետևյալը. սեպտեմբերի 9-ին ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում ստացվել է ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժնում քննվող մի քրեական գործով կայացված որոշումը` Երևան քաղաքի Նոր Նորքի 2-րդ զանգվածի Ն. Ստեփանյան փողոցի 66 շենքի 12 բնակարանի բնակիչ Գառնիկ Խչեյանին սեպտեմբերի 12-ին, ժամը 10:00-ին, բերման ենթարկելու մասին: Որոշման պահանջներին ծանոթացնելու նպատակով՝ ոստիկանության Նոր Նորքի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչ, ոստիկանության կապիտան Ն. Մայիլյանը սեպտեմբերի 11-ին, ժամը 13:30-ի սահմաններում, այցելել է նշված հասցե, որտեղ Գ. Խչեյանի դուստրը տեղեկացրել է, որ հայրը շուրջ երկու շաբաթ առաջ մահացել է: Ոստիկանության կապիտան Ն. Մայիլյանը Գ. Խչեյանի մահվան մասին տեղյակ չէր, ներողություն է խնդրել մահացածի աղջկանից, ցավակցել և նրա համաձայնությամբ կազմել է արձանագրություն` բնակարան այցելելու մասին: Գ. Խչեյանի դուստրը՝ Տաթևիկ Խչեյանը, բացատրությամբ հայտնել է, որ նշված օրը իրենց բնակարան է այցելել ոստիկանության մի ծառայող, ով ներկայացել է որպես ոստիկանության Նոր Նորքի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչ և հարցրել իր հոր` նշված հասցեում բնակվելու մասին: Ինքը հայտնել է, որ հայրը շուրջ երկու շաբաթ առաջ մահացել է, որից հետո ոստիկանը ներողություն է խնդրել իրենից, ցավակցել և հայտնել, որ բնակարան է այցելել` Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժնում քննվող քրեական գործով Գ. Խչեյանին բերման ենթարկելու մասին կայացված որոշման հիման վրա: Այնուհետև տեսուչը բնակարան այցելելու մասին կազմել է համապատասխան արձանագրություն և հեռացել: Աղջիկը բացատրությամբ նշել է նաև, որ ոստիկանության ծառայողի վարքագծն իրեն չի վիրավորել և չի ահաբեկել: Այսպիսով, կատարված ծառայողական քննությամբ՝ շրջանառված տեղեկատվության մեջ նշված փաստերը չեն հիմնավորվել, ուստի որոշում է կայացվել ծառայողական քննության նյութերը թողնել անհետևանք: ՀՀ ոստիկանություն