Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչ երազանք ունի անկախ Հայաստանի քաղաքացին

Հասարակություն
MHM89583-copy

Լավ կլիներ, եթե Հայաստանն իսկապես անկախ լիներ. Այս երազանքն է գերիշխում մեր հարցմանը մասնակցած քաղաքացիների մոտ։ «Ասում ենք անկախ ենք, բայց հիմա էլ ցանկանում են անդամագրվել Մաքսային միությանը։ Համոզված եմ, որ այն նույն Խորհրդային միությունն է լինելու, եւ կրկին ապրելու ենք Ռուսաստանի լծի տակ։ Ամեն հարցում նա է որոշում կայացնելու»,- ասաց Վարդան Պետրոսյանը։ Քաղաքացիների մի մասին ցավ է պատճառում այն հանգամանքը, որ երկրում գերիշխում է մոնոպոլիան եւ ամենուր թանկացումներ են։ «Հանրապետության քաղաքացիների 90 տոկոսը պարզապես գոյատեւում է, իսկ 10 տոկոսը իրենց միլիոններն են կուտակում։ Նույնիսկ նրանց ծոռները առանց աշխատելու, մինչեւ իրենց կյանքի վերջը կարող են ապրել այդ գումարներով»,- ավելացրեց թոշակառու Ամալյա Աղաբեկյանը։ Հարցված քաղաքացիների մեծ մասն էլ նախընտրում էր ընդհանրապես չխոսել այդ թեմայով՝ անկախությունը համարելով անտերություն։ Իսկ ահա Անահիտ Հակոբյանը պատրաստվում է սեպտեմբերի 21-ին տոնական սեղան բացել եւ հրավիրել է իր բոլոր բարեկամներին՝ տոնը մտերիմների հետ նշելու համար. «Ունենք անկախ պետություն՝ Հայաստանի Հանրապետություն, եւ այն պետք է պահպանել։ Ունենք հզոր բանակ, որը կարող է պաշտպանել մեր հայրենիքը։ Պետք է հպարտանանք դրանով»։ Հիշեցնենք, որ Հայաստանի Անկախության հռչակագիրն ընդունվել է 1990թ. օգոստոսի 23-ին Հայաստանի Գերագույն Խորհրդի առաջին նստաշրջանում: Խորհրդարանի որոշմամբ` 1991թ. սեպտեմբերի 21-ին անցկացվել է ԽՍՀՄ կազմից դուրս գալու եւ անկախ պետականություն հռչակելու մասին հանրաքվե: Հանրաքվեն անցկացվել է խորհրդային ընտրական օրենսգրքով։ Հայաստանի քաղաքացիների 94,99 տոկոսն «այո» ասաց Անկախությանը։ Իսկ երկու օր անց` սեպտեմբերի 23-ին, Գերագույն Խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ, ինքնիշխան պետություն: