Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայ հրաձիգները վերադառնում են՝ աշխարհի 5 մեդալ նվաճած (տեսանյութ)

Սպորտ
hradzig

Իսպանիայի Գրանադա քաղաքում սեպտեմբերի 6-20-ը ընթանում էր հրաձգության «Աշխարհի 51-րդ առաջնությունը», որը տեղի է ունենում 4 տարին մեկ՝ օլիմպիական խաղերի միջակայքում, որտեղ բացի մեդալներից ստուգատեսին մասնակցող 94 երկրի 2000 հրաձիգներ պայքարում էին նաև 2016թ. օլիմպիական խաղերին մասնակցելու 64 ուղեգրի համար: Մասնակից հայ հրաձիգներից 7-ը, չնայած մասնակցում են երիտասարդական տարիքային խմբում, սակայն պատանիներ են: «Աշխարհի առաջնությունը» հրաձգության առաջին մրցաշարն էր, որտեղ խաղարկվում էին 2016թ.-ի օլիմպիական ուղեգրեր: Մեր պատանիները դեռ ժամանակ ունեն մեծահասակների հետ ուժերը չափելու և Ռիո 2016-ի ուղեգիր նվաճելու փորձ կատարելու: Երեկ` սեպտեմբերի 19-ին Հրաչիկ Բաբայանը մասնակցել է 50մ, հրացան՝ 3 դիրքից (պառկած՝ 40 կրակոց, ծնկած՝ 40 կրակոց, կանգնած՝ 40 կրակոց) վարժությանը և որակավորման փուլում 52 մրցակցից՝ 1163 միավորով գրավել 7-րդ տեղը: Նույն միավորն են խոցել չինացի և ֆրանսիացի մարզիկները, սակայն Հրաչիկը նրանց շրջանցել է կենտրոնական տասերի առավելությամբ: 1163 միավոր խոցելն արդեն կարելի է հաղթանակ համարել, սակայն եզրափակչում մեր հայրենակցին չի հաջողվել բարելավել դիրքերը և մրցումն ավարտել է մնալով 7-րդ հորիզոնականում: 50մ, հրացան 3 դիրքից մրցաձևը շատ բարդ վարժություն է, մարզիկը կատարում է 120 կրակոց 3,5 ժամում և կորցնում 3-4կգ քաշ, իսկ տեխնիկական մյուս բարդությունների մասին ավելորդ է խոսել: Օլիմպիական չեմպիոն Հրաչյա Պետիկյանի հաջողություններից հետո հայ մարզիկներից ոչ ոք այս վարժությունում չէր կարողացել նման բարձր արդյունք ցույց տալ: Հրաչյա Պետիկյանը Բարսելոնում, որտեղ դարձավ օլիմպիական չեմպիոն, որակավորման փուլում խոցել էր 1169 միավոր: Այսպիսով, Հրաչ Բաբայանը «Պատանեկան օլիմպաիական» և «Աշխարհի երիտասարդների առաջնության» արծաթներով մոտենում է Օլիմպոսին, հուսով ենք, որ դեռ կտեսնենք Հրաչին Ռիո 2016-ի ուղեգիր նվաճելիս: 25մ, փոքր տրամաչափի ատրճանակ վարժությունում Զավեն Իգիթյանը խոցել է 557 միավոր և 32 մրցակցից գրավել 29-րդ տեղը: Այսքանով ավարտվեց «Աշխարհի առաջնությունը», այսօր տեղի կունենա փակման արարողությունը և մեր մարզիկները վաղը՝ սետեմբերի 21-ին, Հայաստանի հանրապետության անկախության օրը՝ ժամը 14:00-ին, հայրենիք կժամանեն՝ բերելով լավագույն նվերը՝ «Աշխարհի առաջնության» 5 մեդալ: Հիշեցնենք, որ 10մ, օդամղիչ հրացան (60 կրակոց) երիտասարդ տղաների պայքարում Հրաչիկ Բաբայանը նվաճել է արծաթե մեդալ, 10մ, վազող թիրախ (20+20 կրակոց) երիտասարդ աղջիկների պայքարում Լիլիթ մկրտչյանը նույպես արժանացել է արծաթե մեդալի, նույն վարժության տղաների (30+30 կրակոց) պայքարում Ռազմիկ Մինասյանը նվաճել է բրոնզե մեդալ, 10մ, վազող թիրախ՝ խառը վազք (2x20 կրակոց) և 10մ, վազող թիրախ (20+20 կրակոց) վարժություններում տղաների թիմը՝ Ռազմիկ Մինասյան, Շանթ Սարգսյան և Հովհաննես Խաչատրյան, դարձել է կրկնակի բրոնզե մեդալակիր: Սեպտեմբերի 21-ին, ժանը 14:00-ին, Զվարթնոց օդանավակայանում միասին դիմավորենք մեր չեմպիոններին: