Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Արեւմուտքը թող Թուրքիային ճնշի, որ սահմանը բացեն». սփյուռքահայ (տեսանյութ)

Քաղաքականություն
nGR-EA9wmPo

Սփյուռքահայ գործարարները ինչպես կհամագործակցեն Հայաստանի հետ՝ եվրասիական տնտեսական միությանը անդամակցությունից հետո։ Հայաստան Սփյուռք Հինգերորդ համաժողովի մասնակիցներն այս հարցը քննարկում էին միջանցքներում։ «Եվրոպացի գործարարները մի քիչ հուսահատված են, որ Հայաստանը Եվրոպայի ճանապարհով չգնաց, բայց չեմ կարծում, որ բոլոր դռները արդեն փակ են»,- ասում է համաժողովի շվեդահայ մասնակից Կարլեն Մանսուրյանը։ Արաբական երկրներում բնակվող գործարարները հանգիստ են, անգամ վստահ, որ Հայաստանը ընդլայնելով իր տնտեսությունը ,ավելի ակտիվ կաշխատի իրենց հետ. «Հայաստանը այնտեղ մեծ դեր ունի։ Միջին արեւելքի եւ Ռուսաստանի շուկայի հետ այն կարող է հանդիսանալ միջանցք»,- ասում է Վաչիկ Ավագյանը։ Եգիպտահայ գործարար Մարտիրոս Պալաեանը ասում է, որ ավելի սթափ է դատում, գիտի, որ Եվրասիական տնտեսական միություն մտնելով՝ Հայաստանի համար բոլոր դռները միանգամից չեն բացվելու։ Բայց այսօր, Հայաստանը, ըստ նրա, այլընտրանք չունի. «Տեսնում ենք թե ինչ է կատարվում Ուկրաինայում, Իրանում, Վրաստանում, անվտանգություն է կարեւորը»։ Կանադահայ Մհեր Քարաքաշյանին դուր չի գալիս, երբ արտաքին աշխարհը քննադատում է Հայաստանին՝ որոշակի աշխարհաքաղաքական ուղղվածության համար։ Քննադատողին՝ արեւմուտքին,  նա մի առաջարկ ունի.«Եթե իրենք այդքան անհանգստացած են Հայաստանի Մաքսային Միություն մտնել-չմտնելով, թող իրանց գործընկեր Թուրքիային ճնշեն, որ սահմանը բացի։ Մենք էլ այլընտրանք կունենք»։ Եռօրյա Հայաստան Սփյուռք Հինգերորդ համաժողովին մասնակցում են 60 երկրից 741 ներկայացուցիչներ։