Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՅԴ-ն քառյակի նիստում 5 օրով հանրահավաքը հետաձգելու մասին չի խոսել (տեսանյութ)

Քաղաքականություն
1c70e15b71b9ad283f9c7324fbb9eafd

Դաշնակցությունը քառյակի վերջին նիստում ընդդիմադիր մյուս ուժերին չի առաջարկել 5 օրով հետաձգել հանրահավաքը,-տեղեկացնում է ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանը. «Իմ շատ հարգարժան գործընկեր Արմեն Ռուստամյանը եւս կփաստի, որ 5 օրով հանրահավաքը հետաձգելու առաջարկ չի հնչել»։ Փոխարենը, ըստ տիկին Զոհրաբյանի, դաշնակցականները քառյակի վերջին նիստում առաջարկել են հանրահավաքը հետաձգել այնքան ժամանակ, մինչեւ իշխանությունը կարձագանքի սահմանադրական փոփոխությունների Դաշնակցության առաջարկներին. «Դա կարող է լինել մեկ ամիս, երկու ամիս, երեք, չորս կամ առնվազն իշխանությունն ունի ժամանակ մինչեւ սահմանադրական հանրաքվեից մի քանի ամիս առաջ»։ Քառյակի մյուս ուժերը չէին կարող անորոշ ժամանակով հետաձգել հանրահավաքը։ Տիկին Զոհրաբյանը հարգանքով է վերաբերվում հանրահավաքին ներկա չգտնվելու Դաշնակցության որոշմանը։ Միաժամանակ չի կարող ասել, թե այս անգամ էլ եռյակը երկյակ չի դառնա. «Մենք կփորձենք աշխատել այն քաղաքական ուժերի հետ, որոնց հետ այդ պահին տվյալ քաղաքական կարեւորագույն հարցերի շուրջ կունենանք նույնական մոտեցում»։ Նաիրա Զոհրաբյանը չի բացառում, որ հանրահավաքի մոտենալուն զուգահեռ իշխանությունը սկսի ԲՀԿ պատգամավորների, կամ նրանց մերձավորների հետապնդում՝ միշտ նույն ձեռագրով են աշխատել. «Նույնիսկ իրենց մեթոդոլոգիայի մեջ կրեատիվ չեն»։ ԲՀԿ-ական պատգամավորը չի ուզում կանխատեսել՝ արդյո՞ք հանրահավաքը կարող է վերածվել իշխանափոխության շարժման։ Հանրահավաքի օրակարգում երկու հարց է՝ 12 կետերը եւ սահմանադրական փոփոխությունները «Իսկ եթե ինչ կլինի եթե-ներով, դա թողնենք հոկտեմբերի 10-ին»։ Ժողովրդի կարծիքը, սակայն, լսելու են հանրահավաքի ժամանակ։ Ի դեպ, տիկին Զոհրաբյանին այնքան էլ չի մտահոգել եռյակին սառը ցնցուղով ուշքի բերելու՝ ոստիկանապետի սպառնալիքը։ Այդ սպառնալիքը եռյակի ծրագրերում որեւէ փոփոխություն չի մտցնի. «Խորհուրդ կտայի ՀՀ բոլոր պաշտոնյաներին ճշգրտել իրենց լիազորությունները Սահմանադրության մեջ եւ առաջնորդվել իրենց իրավասություններով»։