Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կանցկացվի խաղաղապահության հիմնախնդիրներին նվիրված համաժողով

Պաշտոնական
PN51

Ս. թ. սեպտեմբերի 17-ից 18-ը ՀՀ ՊՆ Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի հրավերով Հայաստան էր այցելել «Խաղաղապահական գործողությունների մարտահրավերների» միջազգային ֆորումի պատվիրակությունը` տնօրեն Աննիկա Հիլդինգ-Նորբերգի գլխավորությամբ: Այցելության նպատակն էր քննարկել ֆորումի հետ Հայաստանի համագործակցության խորացման խնդիրը: Սեպտեմբերի 17-ին պատվիրակության անդամները ՀՀ ՊՆ Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտում հանդիպեցին ինստիտուտի պետ, գեներալ-մայոր, ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական Հայկ Քոթանջյանի հետ: Հանդիպմանը մասնակցում էր նաև Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիայի գործադիր տնօրեն Բենիամին Պողոսյանը: «Խաղաղապահական գործողությունների մարտահրավերների» միջազգային ֆորումի հետ Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի համագործակցությունն սկսվել է 2014 թ. գարնանը: Ֆորումն զգալի աջակցություն է ցուցաբերել Երևանում ս. թ. հուլիսի 1-ից 2-ը ՀՀ ՊՆ ԱՌՀի-ի կազմակերպած` խաղաղապահության հիմնախնդիրներին նվիրված միջազգային ռազմավարական քաղաքական համաժողովի անցկացմանը: Սեպտեմբերի 18-ին պատվիրակության անդամները ԱՌՀԻ-ի պետ Հ. Քոթանջյանի և ՔԳՀԱ-ի գործադիր տնօրեն Բ. Պողոսյանի ուղեկցությամբ այցելեցին «Զառ» զինավարժարան, որտեղ հանդիպեցին ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադի հրամանատար գեներալ-մայոր Արթուր Սիմոնյանի հետ, ներկա գտնվեցին խաղաղապահ բրիգադի վարժանքին: Նույն օրը պատվիրակության անդամները հանդիպեցին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանի և ԱԳՆ ՆԱՏՕ-ի բաժնի պետ Գագիկ Հովհաննիսյանի, ինչպես նաև ՀՀ Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի հետ: Հանդիպումներին մասնակցում էին նաև ԱՌՀԻ-ի պետ, գեներալ-մայոր Հ. Քոթանջյանն ու ՔԳՀԱ-ի գործադիր տնօրեն Բ. Պողոսյանը: Դ. Տոնոյանի հետ հանդիպման ընթացքում հանգամանորեն քննարկվեց ֆորումի հետ Հայաստանի և, մասնավորապես, ՀՀ Պաշտպանության նախարարության համագործակցության սերտացման հնարավոր ուղիների հարցը: Դ. Տոնոյանը և Աննիկա Հիլդինգ-Նորբերգը շեշտեցին համագործակցությունը խորացնելու երկկողմ պատրաստակամությունը: