Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պետք էր քանդել և հավաքել` դեն նետելով ավելորդությունները. Տ. Մանսուրյան (տեսանյութ)

Մշակույթ
221ec286e6e190e21fd5d5177c0bf683

Տիգրան Մանսուրյանի համբավը դուրս է Հայաստանի սահմաններից՝ շնորհիվ նվագախմբային, կամերային, երգչախմբային և վոկալ ստեղծագործությունների, որոնք հնչում են համաշխարհային բեմերից։ Հայրենիքում ճանաչված ու սիրված են կինոյի համար գրված նրա մեղեդիները: Նարեկացի Արվեստի Միությունը Մանսուրյանի հոբելյանական տարեդարձի կապակցությամբ կազմակերպել էր միջոցառումների շարք՝ անդրադառնալու նրա ստեղծագործական հարստությանը: «Տիգրանն արթնացրեց ավանգարդը Հայաստանում»,- ասաց «Մանսուրյանը և ավանգարդիզմը» թեմատիկ հանդիպումը վարող,կոմպոզիտոր Աշոտ Զոհրաբյանը: Մանսուրյանի համար ավանգարդ երաժշտությունը ոչ թե մոդային հետևելն էր ու արևմուտքի գեղեցկություններին տրվելը, այլ հակադրվել երաժշտական մի իրողության, որն առկա էր ու իշխող: «Պետք էր վերաիմաստավորել կոմպոզիցիոն տեխնոլոգիայի ողջ համակարգը,- ասաց Մանսուրյանը:- Պետք էր քանդել և հավաքել` դեն նետելով ավելորդությունները, ինչն էլ արեց Վեբեռնը, որի մոտեցումը ստիպեց մեզ նորովի գնահատել նույնիսկ Կոմիտասին: Կոմիտասն է Մանսուրյանի երաժշտության հավատն ու հենքը։ «Եթե Շնիտկեն աղմուկից էր հանում իր երաժշտությունը, Գուբայդուլինան` լռությունից, Մանսուրյանինը հիշողությունից, մանկությունից է գալիս, գենետիկայից»,- զուգահեռներ է անցկացնում Աշոտ Զոհրաբյանը: Հոբելյանական միջոցառումների շարքը կեզրափակի գալա համերգը այսօր,Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը, որին կմասնակցեն Խաչատրյան տրիոն, մեներգչուհի Աննա Մայիլյանը, թավջութակահարուհի Հասմիկ Վարդանյանը և Հայաստանի պետական կամերային երգչախումբը՝ Ռոբերտ Մլքեյանի ղեկավարությամբ: