Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ստեփանակերտում բողոքի ակցիաներ կկազմակերպվեն

Հասարակություն
ba6cb5292c8b37e3d40df8e2b6489c5d

Հայտարարություն «Ազգային վերածնունդ» կուսակցությունն ավարտել է Ստեփանակերտում ուղևորավարձի թանկացման վերաբերյալ ուսումնասիրությունը, որը ներառում է նաև սոցհարցում ուղևորների շրջանում: Սոցիոլոգիական հարցումը հետաքրքիր պատկեր է բացել այլ հարցերի շուրջ և դրանց ուսումնասիրությունն առաջիկայում լինելու են կուսակցության ուշադրության կենտրոնում: Հոկտեմբերի մեկից Ստեփանակերտի քաղաքապետի որոշմամբ Արցախի մայրաքաղաքում ուղևորավարձը 70 դրամից կդառնա 100 դրամ: Թեև Արցախի իշխանությունները պնդում են, որ ուղևորավարձը թանկանում է բյուջետային աշխատողների աշխատավարձերի բարձրացումից հետո միայն, պետք է նկատել, որ այն կարող է սոցիալական լարվածություն ստեղծել հատկապես այն ընտանիքների մոտ, որոնցում կան երկուսից ավելի ուղևոր: Սրան ավելացնենք, որ մասնավոր հատվածում աշխատողների մոտ վերջին վեց ամսվա ընթացքում եկամուտների աճ հիմնականում տեղի չի ունեցել: Սոցհարցումներից պարզվել է, որ Ստեփանակերտի ուղևորների մասնավոր հատվածում աշխատողների աշխատավարձերը զգալիորեն զիջում են քաղծառայության և պետական ծառայության ոլորտում աշխատողների աշխատավարձերը: Մյուս կողմից տրանսպորտային ծառայություն մատուցող երկու ընկերություններից ամենախոշորը՝ «Ստեփանակերտ սերվիս» ՓԲԸ աշխատում է վնասով և նրա բաժնետեր Արցախի ներդրումային հիմնադրամը ուղևորավարձի բարձրացման դեպքում տարեկան կարող է խնայել մինչև 100 մլն դրամ: Սոցհարցումից պարզվել է, որ ուղևորների մեծ մասը գտնում են, որ տրանսպորտի գների թանկացումը էականորեն ազդելու է իրենց ընտանեկան բյուջեի վրա և պատրաստակամություն են հայտնել մասնակցել բողոքի ակցիաների: «Ազգային վերածնունդ» կուսակցությունն առաջիկայում տրանսպորտի գների թանկացման կապակցությամբ կկազմակերպի բողոքի ակցիաներ՝ նպատակ ունենալով ստիպել Ստեփանակերտի քաղաքապետարանին վերանայել թանկացման վերաբերյալ իր որոշումը: Ակցիաների տեղի և ժամանակի մասին Ստեփանակերտի բնակիչներին կտեղեկացվի լրացուցիչ: «Ազգային վերածնունդ» կուսակցություն