Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ոստիկանապետի շուրթերով սպառնալիք հնչեց». Ս. Սաֆարյան (տեսանյութ)

Քաղաքականություն
fc58226c2e1c1c6789f87a7bd6317878

Քառյակին չի հաջողվի աշնանը գեներացնել այն ամենը, ինչ սպասում է նրանից հասարակությունը՝ վստահ է Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի նախագահ Ստեփան Սաֆարյանը։ Ավելին, նա համոզված է, որ պատճառը ոչ թե օրեր առաջ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի սպառնալիքն էր, այլ քառյակի ներսում առկա տարաձայնությունները: «Քառյակի ուժերին ավելի շատ միավորում են տակտիկական, քան ռազմավարական նպատակները: Այդ չորս ուժերի պատկերացումներն ապագայի վերաբերյալ տարբեր են և օրինակ, եթե ՀԱԿ-ը և «Ժառանգություն»-ը չեն բացառում «հեղափոխություն ներքևից» տարբերակը, ապա ԲՀԿ-ն իրավիճակի փոփոխությունը հնարավոր համարում է առաջիկա ընտրությունների և սահուն իշխանափոխության միջոցով»: Ստեփան Սաֆարյանը դեռ շատ տարաձայնություններ է կանխատեսում քառյակի ներսում։ Ըստ նրա՝ քառյակը մի քանի հանրահավաք կանի աշնանը, բայց դա ոչինչ չի փոխի: «Ուժերից մեկը վախենալու է վճռորոշ գործողություններից, մյուսները՝ հակառակը, ջանալու են գնալ որոշակի գործողությունների»: Քաղաքական այդ ուժն այլ համարձակ գործողության չի գնա, քան մեկ-երկու հաշվետու հանրահավաքները»։ «Ա1+»-ի այն հարցին, թե Վլադիմիր Գասպարյանը իրավունք ունե՞ր հայտարարել, թե թեժ աշնան համար սառը ցնցուղներ կան, պարոն Սաֆարյանը անթույլատրելի համարեց, որ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը միջամտում է քաղաքական իրադարձություններին. «Նա իր իրավասությունների սահմաններում ընդամենը պետք է ասեր, որ հանրահավաքների ժամանակ ոստիկանությունը պատրաստ է հսկելու կարգուկանոնը, թույլ չտալու չնախատեսված գործողություններ, բայց ոչ նմանօրինակ հայտարարություն աներ: Մնում է ենթադրել, որ նրա շուրթերով որոշակի շրջանակներից պարտադրված սպառնալիք է հնչել»։