Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Թիմային պայքարում ռուսներին զիջում ենք 1 միավորով

Սպորտ
hradzg

Իսպանիայի Գրանադա քաղաքում սեպտեմբերի 6-20-ը ընթանում է հրաձգության «Աշխարհի 51-րդ առաջնությունը»: Մասնակից հայ հրաձիգներից 7-ը, չնայած մասնակցում են երիտասարդական տարիքային խմբում, սակայն պատանիներ են: «Աշխարհի առաջնությունն» հրաձգության առաջին մրցաշարն է, որտեղ խաղարկվում են Ռիո 2016-ի օլիմպիական ուղեգրեր, և մեր պատանիները դեռ ժամանակ ունեն մեծահասակների հետ ուժերը չափելու և Ռիո 2016-ի ուղեգիր նվաճելու փորձ կատարելու: Սեպտեմբերի 16-ին 10մ, վազող թիրախ (30+30 կրակոց) վարժության մարզիկները դանդաղ վազք հատվածն են կրակել, մյուս կեսը՝ արագ վազքը և եզրափակիչը տեղի կունենան վաղը՝ սեպտեմբերի 17-ին: Երիտասարդ տղաների պայքարում 12 մրցակիցներից Շանթ Սարգսյանը 283 միավորով 3 մրցակիցների հետ միևնույն արդյունքով կիսում է 2-5-րդ հորիզոնականները, Ռազմիկ Մինասյանը 276 միավորով 8-րդն է, Հովհաննես Խաչատրյանը 265 միավորով՝ 11-րդը: Նույն վարժության թիմային պայքարում մեր մարզիկներն առայժմ 2-րդ տեղում ընթացող Ռուսաստանի թիմին զիջում են 1 միավորով, և հնարավոր է՝ վաղը պատկերը փոխվի: Նույն վարժության աղջիկների (20+20 կրակոց) պայքարում Լիլիթ Մկրտչյանը 183 միավորով առայժմ ընթանում է 2-րդ տեղում: Ամենաբարձր արդյունքը ցույց է տվել հունգարացի Վերոնիկա Մաջոռը, Լիլիթին հետևում են 178 միավորով գերմանացի Նինա Դանները և քաթարցի՝ Սաաիդա Թաաեեբը: Ինչպես տղաների մոտ, այնպես էլ աղջիկների՝ ամեն բան կախված է արագ վազքից: Եզրափակիչ կանցնեն լավագույն 4-ը: Զավեն Իգիթյանը 50մ, ստանդարտ ատրճանակ (3x20 կրակոց), տղաների պայքարում 32 մրցակիցներից 537 միավորով գրավել է 25-րդ տեղը: Հրաչիկ Բաբայանը 50մ, հրացան, պառկած դիրքից (60 կրակոց) երիտասարդների պայքարում 61 մրցակցից՝ 606.1 միավորով գրավել է 49-րդ տեղը: Հիշեցնենք, որ Հայաստանն ունի անհատական արծաթե և թիմային բրոնզե մեդալներ: Հրաչ Բաբայանն 10մ, օդամղիչ հրացան վարժությունից արդեն նվաճել է արծաթե մեդալ: «Պատանեկան օլիմպիական խաղերի» և արդեն «Աշխարհի երիտասարդների առաջնության» փոխչեմպիոն Հրաչիկ Բաբայանը ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության «Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցի» սան է, անձնական մարզիչն է Անդրանիկ Այվազյանը: Ինչպես նաև 10մ, վազող թիրախ՝ խառը վազք (2x20 կրակոց), տղաների թիմային պայքարում հայկական եռյակը` Ռազմիկ Մինասյան, Հովհաննես Խաչատրյան և Շանթ Սարգսյան, արժանացել է բրոնզե մեդալի: Ռազմիկ Մինասյանի և Շանթ Սարգսյանի անձնական մարզիչն է Գագիկ Մելոյանը, գյումրեցի Հովհաննես Խաչատրյանի անձնական մարզիչն է Էդիկ Գաբրիելյանը: