Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Շոտլանդիայի անկախության հանրաքվեն Արցախի համար ընդամենը ֆոն է (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
3821570

Շոտլանդիայի եւ Կատալոնիայի անկախության հանրաքվեները կարող են դրական ազդակ դառնալ Լեռնային Ղարաբաղի հանրապետության անկախության միջազգային ճանաչման համար: Ժամանակը աշխատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության եւ այնտեղ բնակվող, արարող ժողովրդի օգտին` վստահ է ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Հովհաննես Սահակյանը։ Ըստ դաշնակցական պատգամավոր Աղվան Վարդանյանի, միջազգային ճանաչման ճանապարհին Լեռնային Ղարաբաղի համար ավելի հեշտ կլինի աշխատել հատկապես եվրոպական հիշյալ երկրների՝ Շոտլանդիայի կամ Կատալոնիայի հետ. «Որքան լինեն նման ճանաչումները, նման ընկալումը, գիտակցությունը, այնքան նաեւ Մինսկի խմբի շրջանակներում ինքնորոշման իրավունքի սկզբունքը կսկսի գերիշխել»։ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի կարծիքով էլ՝ ինչքան շատ լինեն ինքնորոշման նման պահեր, ինչպես հիմա Եվրոպայում է տեղի ունենում, այնքան դրանից կշահի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը։ Մինսկի խումբն, ըստ Ռուբեն Հակոբյանի, անկասկած պետք է հաշվի առնի անկախացման այն ձգտումները, որոնք առկա են Եվրոպայում։ Ավելին, ըստ նրա, անկախության ձգտման եվրոպական օջախները, պատգամավորի կարծիքով, դեռ կավելանան. «Պետք է առաջին պլան մղվի այլեւս Ղարաբաղի անկախության ճանաչման հարցը»։ Քաղաքագետ Երվանդ Բոզոյանը, սակայն, նույն հարթության մեջ չի դնում Շոտլանդիայի եւ Կատալոնիայի անկախության հիմքերը Ղարաբաղի անկախության հիմքերի հետ։ Նրանց անկախության ձգտումը Լեռնային Ղարաբաղի հարցի համար ընդամենը դրական ֆոն է, ոչ ավելին, Հայաստանն, ըստ քաղաքագետի, շատ է թուլացրել Ղարաբաղի դիրքերը. «Դիվանագիտական հաղթանակ տանում ա երկիրը էն դեպքում, երբ որ ինքը ուժային մակարդակի հաղթանակ ա տանում։ Հայաստանը վերջին 5 տարիների ընթացքում, 6 տարիների ընթացքում աննախադեպ թուլացել ա իրա տնտեսությունը, բարոյահոգեբանական վիճակը, մարդիկ արտագաղթում են, բան, Ադրբեջանը նավթադոլարների հաշվին կարողացել ա ֆոնային չեզոքացնել բացասական հետեւանքները համաշխարհային ֆինանսական ճգնաժամում։ Արդյունքում Ադրբեջանը լկտիացել ա»։ Ըստ Երվանդ Բոզոյանի, վերջերս Մինսկի խումբը Մադրիդյան սկզբունքների հիման վրա հրապարակեց 6 կետերը, որոնք այսօր հնարավոր չէ իրականացնել։ Մինչեւ հիմա կիրառված ստատուս քվոն, քաղաքագետի կարծիքով, հենց այն պատուհանն էր, որը Ղարաբաղին կարող էր թույլ տալ ինքնորոշվել. «Այսինքն, էս ստատուս քվոն կոպիտ ասած, ինքը տված ա Հայաստանին եւ Ադրբեջանին, որպեսզի Հայաստանը եւ Ադրբեջանը հետագա իրանց զարգացումներով տեսնեն, թե որ երկիրն ավելի հզոր կդառնա։ Սա մրցավազք ա»։ Հայաստանն, ըստ քաղաքագետի, ոչ թե պետք է նայի եվրոպական ժողովուրդների անկախացման ձգտումների կողմը, այլ պետք է ունենա արտաքին քաղաքական կոնցեպցիա եւ մտածի ուժեղ պետություն դառնալու մասին։ Միջազգային քաղաքական կենտրոնները Լեռնային Ղարաբաղի անկախությունը կճանաչեն միայն այն ժամանակ, եթե Հայաստանը ուժեղանա. «Քաղաքականությունը կոնկրետ բան չի, որ, ասենք, իրանք ինչ-որ մեկը պրոհայկական, պրոադրբեջանական դիրքորոշումներով ինչ-որ բան տա»։