Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դիվերսիաների դեմ պայքարի նոր համակարգ՝ ՀՀ-ում եւ ԼՂՀ-ում

Պաշտոնական
seyran1

Սեպտեմբերի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանդիպել է Երևանի պետական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչների և ուսանողների հետ: Հանդիպման ընթացքում պաշտպանական գերատեսչության ղեկավարը ԵՊՀ պրոֆեսորադասախոսական կազմին և ուսանողներին է ներկայացրել ԶՈՒ ընդհանուր վիճակը, իրականացվող բարեփոխումները, խոսել է ազգային բանակի ներկայիս ձեռքբերումների ու առաջիկա անելիքների, առկա խնդիրների ու մարտահրավերների, դրանց լուծման ուղղությամբ իրականացվող ծրագրերի, ինչպես նաև կրթության և կադրերի պատրաստման ոլորտում բարձրագույն ուսումնական հաստատությունների հետ համագործակցության հեռանկարների շուրջ: «Հայաստանը տարիներ առաջ կարողացավ պատվով հանձնել իրեն առաջադրված քննությունը` ԼՂ-ում հաղթանակով դուրս գալով պարտադրված պատերազմից: Այն հաղթանակները, որոնք մենք տարել ենք Արցախյան գոյամարտի ժամանակ, անկասկած, այսօր բազմապատկում ենք, որի վառ ապացույցներից մեկը հուլիս-օգոստոսյան վերջին դեպքերն էին»,- ասել է Սեյրան Օհանյանը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը հավաստիացրել է, որ հայկական զինուժը լուրջ ուշադրություն է դարձնում սահմանների պաշտպանության խնդրին, ստեղծվել է համապատասխան պաշտպանական միջավայր և հակառակորդի դիվերսիաների դեմ պայքարի համակարգ ու Հայաստանում և Արցախում: ՀՀ պաշտպանության նախարարը պատասխանել է նաև դասախոսների և ուսանողների հարցերին, որոնք վերաբերում էին բանակ-բուհ համագործակցության ընդլայնմանն ու հետագա ծրագրերին, սպառազինության համալրմանը, ԼՂ հակամարտության կարգավորմանը, զինծառայողների սոցիալ-կենցային պայմաններին և այլն: Հանդիպման ավարտին պաշտպանության նախարարի հրամանով բանակ-բուհ համագործակցության ընդլայնման, երիտասարդության հայրենասիրական դաստիարակության գերծում ներդրած ավանդի, ինչպես նաև ՀՀ անկախության տոնի առթիվ ԵՊՀ պրոֆեսորադասախոսական կազմի մի շարք ներկայացուցիչներ և ուսանողներ խրախուսվեցին պատվոգրերով, գերատեսչական մեդալներով և արժեքավոր նվերներով: Հանդիպմանը ներկա էին նաև ԵՊՀ-ում սովորող և ծառայության ժամանակ աչքի ընկած ժամկետային զինծառայողներ ովքեր էլ որպես խրախուսում պաշտպանության նախարարի կողմից ստացան տասնօրյա արձակուրդ: ՊՆ