Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գալուստ Սահակյանն ընդունեց Չանչունին

Պաշտոնական
chanchun

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը սեպտեմբերի 16-ին ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Թիան Չանչունին, ում դիվանագիտական առաքելությունը Հայաստանի Հանրապետությունում մոտենում է ավարտին: ՀՀ ԱԺ նախագահը նշեց, որ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հետ համագործակցությունը Հայաստանի Հանրապետության առաջնահերթություններից մեկն է, եւ վերջին շրջանում Չինաստանի հետ համագործակցությունն ավելի է խորանում, ինչի ապացույցն է Չինաստանի օժանդակությունը մեր երկրում իրականցվող բազմաթիվ ծրագրերին: ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը բարձր գնահատեց Լեռնային Ղարաբաղի հարցում Չինաստանի Հանրապետության հավասարակշռված դիրքորոշումը: Անդրադառնալով Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումներին՝ ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը նշեց. «Միջոցառումների շարքը, որը նախատեսվում է հաջորդ տարի, նպատակ ունի հասնելու ցեղասպանությունների դատապարտմանը ողջ միջազգային հանրության կողմից»: Նա հույս հայտնեց, որ հաջորդ տարի Երեւանում նախատեսվող միջոցառումներին կմասնակցի նաեւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության պատվիրակությունը: Դեսպան Թիան Չանչունը, իր երախտագիտությունը հայտնելով ՀՀ ԱԺ նախագահին արդյունավետ համագործակցության համար, անդրադարձավ հայ-չինական բարեկամությանը, որը դարերի պատմություն ունի, եւ վստահեցրեց, որ Հայաստանի եւ Չինաստանի համագործակցությունը հետագայում առավել կխորանա եւ կզարգանա: Հանդիպման ավարտին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը շնորհակալություն հայտնեց դեսպանին արգասաբեր համագործակցության համար՝ մաղթելով նրան հաջողություններ բոլոր նախաձեռնություններում:   ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության հետ կապերի վարչություն