Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ԵՄ անդամակցությանը հավակնող Թուրքիան զմռսել է հարեւանի սահմանը»

Պաշտոնական
55c597693893b0531ee8fa9b515fa00c

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի բացման խոսքը Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի Մշակույթի, կրթության եւ սոցիալական հարցերի հանձնաժողովի 43-րդ նիստին Հարգարժան նախագահող, մեծարգո Գլխավոր քարտուղար, հարգելի գործընկերներ, հյուրեր, Ուրախ եմ ողջունել ձեզ Երեւանում Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի Մշակույթի, կրթության եւ սոցիալական հարցերի հանձնաժողովի 43-րդ նիստի անցկացման կապակցությամբ: Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը կարեւորում է փոխգործակցության ամրապնդումը Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի շրջանակներում, որն այսօր հանդիսանում է Սեւծովյան տարածաշրջանում համագործակցության խթանման կարեւոր մարմիններից մեկը: Այս ձեւաչափով հանդիպումներն ու քննարկումները մեր երկրների խորհրդարանականներին հնարավորություն են ընձեռում առավել կենտրոնանալ տարածաշրջանային տարբեր խնդիրների լուծմանն ուղղված միասնական որոշումների ընդունման շուրջ: Վստահ եմ, որ տարածաշրջանում տնտեսական արդյունավետ համագործակցության համար գոյություն ունի մեծ ներուժ: Անհրաժեշտ է խրախուսել ներդրումները տարածաշրջանում ենթակառուցվածքների զարգացման, հատկապես էներգետիկ եւ տրանսպորտային ոլորտներում: Կարեւոր դեր կարող են ունենալ նաեւ մշակութային, կրթական, գիտական ծրագրերը, զբոսաշրջության զարգացումը: Նման շփումները նպաստում են միմյանց ավելի լավ ծանոթանալու եւ մեր երկրների միջեւ երկխոսության հաստատմանը: Սա նաեւ կարեւոր նախապայման է ակտիվ գործարար կապերի հաստատմանը: Ձեր օրենսդրական գործունեությամբ մենք կարող ենք բարենպաստ իրավապայմանագրային դաշտ ստեղծել նշված խնդիրները կյանքի կոչելու համար: Վեհաժողովի անդամ երկրներն ունեն ընդհանուր շատ արժեքներ եւ նպատակներ. խաղաղության, կայունության եւ բարեկեցության հաստատում Սեւծովյան տարածաշրջանում, ինչպես նաեւ բարիդրացիական հարաբերությունների հաստատում: Խաղաղության եւ բարեկեցության համար առաջնային կարեւորություն ունի այս տարածաշրջանում հակամարտությունների խաղաղ հանգուցալուծումը: Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորումը շարունակում է կենսական կարեւորություն ունենալ Հայաստանի համար: Ադրբեջանի կողմից վերջին շրջանում հայ-ադրբեջանական սահմանին հրադադարի ռեժիմի բազմակի խախտման դեպքերը, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի շփման գծում իրականացրած դիվերսիոն գործողությունները, որի հետեւանքով եղան մարդկային կորուստներ, վկայում են, որ դրանք կարող են իրական սպառնալիք դառնալ տարածաշրջանային անվտանգության համար: Դատապարտելի են նաեւ Ադրբեջանի ռազմական ծախսերի հարաճուն չափն ու իշխանությունների կողմից հնչող Լեռնային Ղարաբաղի խնդիրն ուժի կիրառմամբ լուծելու ռազմատենչ հայտարարությունները: Հայաստանը հետամուտ է Լեռնային Ղարաբաղի խնդրի միայն խաղաղ ճանապարհով կարգավորմանը եւ կարեւորում է վստահության մթնոլորտի հաստատումը` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ բանակցությունները կառուցողական ոգով շարունակելու համար: Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման հիմքում պետք է լինեն Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումը եւ այդ իրավունքի իրացումը: Հարգելի գործընկերներ, Մենք շահագրգռված ենք Սեւծովյան տնտեսական համագործակցության ձեւաչափի հետագա զարգացմամբ: Այն պետք է շարունակի ծառայել իր հիմնական նպատակին՝ կայուն ու բարեկեցիկ տարածաշրջանի կայացմանը: Կարեւոր է, որ կազմակերպությունն արձագանքի բոլոր մասնակից պետությունների կենսական շահերին: Հայաստանի համար դա առաջին հերթին Թուրքիայի հետ փակ սահմանի ապաշրջափակումն է: Հայ-թուրքական հարաբերությունների չկարգավորված լինելը եւ Եվրոպայի վերջին փակ սահմանը շարունակում են մնալ համաեվրոպական անվտանգության խոցելի բաղադրիչներից մեկը: Պարադոքսալ է, բայց փաստ՝ ԵՄ-ին անդամակցության հավակնող Թուրքիան զմռսել է հարեւան երկրի սահմանը, երբ Եվրոպական միությունում սահմաններն արդեն վաղուց պատմություն են դարձել, իսկ ազատ տեղաշարժը՝ հիմնարար սկզբունք: 1915 թվականի ապրիլի 24-ին Կոստանդնուպոլսում 600 հայազգի մտավորականների` գրողների, նկարիչների, արվեստագետների, բժիշկների, Օսմանյան պառլամենտի պատգամավորների եւ հասարակական գործիչների ձերբակալությամբ եւ սպանդով սկսվեց Օսմանյան կայսրության կողմից նախապես ծրագրված եւ պետական մակարդակով իրագործված ոճրագործությունը, որը մարդկության պատմությանը հայտնի է որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանություն: Ցանկանում եմ շնորհակալական խոսք հղել այն պետություններին, կազմակերպություններին եւ անհատներին, որոնք օգնության ձեռք են մեկնել մեզ համազգային ողբերգության ժամանակ, ճանաչել եւ դատապարտել են Հայոց ցեղասպանությունը: Ցեղասպանության հանցագործությունը վաղեմության ժամկետ չունի, եւ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ եւս մեկ անգամ կարեւորում եմ այս աննախադեպ ոճրի ճանաչումն ու դատապարտումը միջազգային հանրության կողմից: Եվրոպական միությանն անդամակցության ձգտող Թուրքիան շարունակում է խույս տալ սեփական անցյալի հետ առերեսվելուց, խուսանավել ատասխանատվությունից եւ տասնամյակներ շարունակ իր ժխտողականության քաղաքականությամբ խեղաթյուրել պատմությունը: Ավելին, Թուրքիան ջանք չի խնայում ժխտողականությունը տարբեր մեթոդներով պարտադրելու նաեւ այլ երկրների:   Հարգելի գործընկերներ,   Հայաստանը առաջնայնություն է տալիս նաեւ տարածաշրջանում մշակութային արժեքների պահպանմանը, հատկապես այն մշակութային արժեքների, որոնք իրապես համաշխարհային նշանակություն ունեն: Մշակութային բազմազանությունը եւ հուշարձանների պահպանումը եւ պաշտպանությունը հատկապես կարեւոր են այն ժողովուրդների համար, որոնց պատմամշակութային հուշարձանները գտնվում են նաեւ իրենց այսօրվա պետական սահմաններից դուրս, ամբողջ աշխարհում եւ հատկապես մեր տարածաշրջանում: Ողբերգական է, որ Ադրբեջանում եւ Թուրքիայում չեն դադարում հայկական մշակութային ժառանգության ոչնչացմանն ուղղված գործողությունները` չնայած Հայաստանից եւ միջազգային կառույցների ամբիոններից հնչող մշտական ահազանգերին: Ադրբեջանում տարիներ շարունակ հայկական հուշարձանների ավերման ցավալի վկայությունն է նաեւ նախկինում հայերով բնակեցված եւ այսօր արդեն հայաթափված Նախիջեւանում Ջուղայի դարավոր գերեզմանոցի ոչնչացումը` իր 9-ից 16-րդ դարեր թվագրվող տասնյակ հազարավոր նրբատաշ, եզակի խաչքարերով: Միջազգային հանրությունը պարտավոր է խստիվ դատապարտել նման բարբարոսական քայլերը: Դրանք ուղղված են ոչ միայն հայկական, այլ նաեւ համաքրիստոնեական հոգեւոր արժեքների ոչնչացմանը: Չնայած, որ այս կազմակերպության գործունեության հիմնական ուղղությունը տնտեսական համագործակցությունն է, ես համոզված եմ, որ այդ համագործակցության ճանապարհով հնարավոր է ստեղծել նաեւ առավել նպաստավոր պայմաններ տարածաշրջանում առկա քաղաքական եւ այլ խնդիրներ լուծելու համար: Ավարտելով ելույթս՝ ցանկանում եմ մաղթել ձեզ արդյունավետ աշխատանք: Հուսով եմ, որ ձեր կողմից ընդունած որոշումներն իրենց դրական նպաստը կբերեն տարածաշրջանում մեր ընդհանուր նպատակներին հասնելու համար: Կարծում եմ, որ հաճույքով կծանոթանաք նաեւ մեր երկրի տեսարժան վայրերին եւ պատմամշակութային հինավուրց արժեքներին: Շնորհակալություն»: ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի աշխատակազմ